«Լոլոներ պետք չի կարդալ», «Հասկանում եմ, որ Կիկոսի մահը ձեր կարդացած քիչ գրքերից է». բանավեճ՝ Փաշինյանի և Քոչարյանի միջև

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Այսօր ՀՀ ԱԺ-ն վավերացրեց հայ-ադրբեջանական սահմանազատման կանոնակարգը։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը ԱԺ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ կանոնակարգին։
Նրա խոսքով՝ այն վտանգներ է պարունակում, հատկապես՝ հինգերորդ կետը։
«Որն է Ադրբեջանին կուրորեն հավատալու պատճառը։ Ինչ պատաոսխան եք տալու Հայաստանի քաղաքացիներին, եթե ցավալի վտանգներ լինեն»,- նման հարցադրում կատարեց պատգամավորը, որին պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք որոշակի ռազմավարություն ենք որդեգրել, որ անվտանգային ոլորտում ընդհանուր առմամբ մեր ռազմավարությունների հիմքը պետք է լինի լեգիտիմությունը։ Այն, ինչ այսօր ԱԺ-ն վավերացրել է, կարծում եմ՝ պետք է ըստ արժանվույն։ Մենք դրանով արձանագրել ենք Հայաստանի լեգիտիմ տարածքների սահմանների սահմանազատման սկզբունքները, որոնք պետք է կյանքի կոչվեն»,- նշեց Փաշինյանը։
Նա հայտնեց, որ կլինեն տեսակետներ, որպեսզի իրենց շեղեն վերոնշյալ ռազմավարությունից։
«Ամեն հատված պիտի սահմանազատվի, ինչը պետք է որևէ կերպ արձանագրվի հետագա պրոցեսներն իրականացնելու համար։ Իսկ այն, ինչ տեղի է ունեցել Կիրանց-Ոսկեպար հատվածում, էլի եմ ասում, կան տաբրեր գնահատականներ, իմն այն է, որ դա շատ մեծ, լուրջ հաջողություն է անվտանգային ոլորտում»,- նշեց վարչապետը՝ վերահաստատելով, որ Կիրանցում երեխաներն անվտանգ են դպրոց հաճախում և Կիրանցն ավելի անվտանգ քան այսօր է, չի եղել։
Քոչարյանն արձագանքեց՝ գործողությունները հավատ չեն ներշնչում։
«Մոլորեցնել պետք չի, այս կանոնակարգում գրված է՝ հատվածային սահմանազատմամբ կոնկրետ հողի վրա փոփոխություններն արվում են մինչև վերջնական համաձայնեցումը։ Եթե հաջորդ հատվածն արվում է Տիգրանաշենում և հայ զինվորը մի կետ հետ է քաշվում, հետո երբ հերթը հասնում է Ջերմուկին, որտեղ ադրբեջանցին մեր սուվերեն տարածքում է, իրենք պրոցեսը երկարացնում են, բայց մենք փաստացի էստեղ էլ ենք հետ քաշվում։ Լոլոներ պետք չի կարդալ, խնդրում եմ՝ կոնկրետ»,- նշեց պատգամավորը։
Փաշինյանն իր հերթին նշեց, որ իրականացրել են թափանցիկ գործընթաց։
«Ես հասկանում եմ, որ Կիկոսի մահն էն քիչ գրքերից է, որ դուք կարդացել եք, բայց կանոնակարգում ձեր նկարագրած մեխանիզմներն ամենևին էդպիսին չեն։ Պետք չի ամեն անգամ Կիկոսի սցենարները՝ գնացի մարդի, ունեցա որդի...։ Մենք իրականացրել ենք թափանցիկ գործընթաց»,- ընդգծեց Փաշինյանը։