«Լևոն ջան, կասե՞ք ինչքան փող ունեք», «Խոպան էիք եկել Հայաստան». ԱԺ-ում իրավիճակը լարվեց
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/. Ես ձեր համարձակությունից եմ ուզում, երբ խոսում եք կոռուպցիայի մասին։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լևոն Քոչարյանի ելույթին։
Սիմոնյանը, խոսքն ուղղելով ընդդիմադիր «Հայաստան» դաշինքին, հայտարարեց, որ նրանք ամենակոռումպացված թեմաների շուրջ մեղադրանքներ ունեցող խմբակցությունն են։
«Լևոն ջան, կասե՞ք ինչքան փող ունեք, ինչքան գումարի է տիրապետում Քոչարյանների ընտանիքը։ Արցախի՞ց էիք բերել այդ գումարները, Հյուսիսային պողոտայի տներն Արցախի՞ց էիք բերել։ Իրականությունը նրանում է, որ Հայաստան խոպան էիք եկել»,-ասաց Սիմոնյանը։
Պատգամավորներ Լևոն Քոչարյանը և Գեղամ Մանուկյանը դահլիճից արձագանքեցին Ալեն Սիմոնյանի ելույթին, սակայն վերջինը հորդորեց իրեն չընդհատել։
«Հովիկ Աղազարյանն ավելի շուտ կգա իշխանության, քան դուք»,-ելույթը եզրափակեց Սիմոնյանը։