Կիլիկիան իմ պատմական հայրենիքը չի․ Կիլիկիան ուր, ես ուր․ Աղազարյան

13.11.2024, 14:47
Երբ լսում էի «Կիլիկիա»-ն լացում էի, հետո հասկացա՝ բայց ինչու՞ եմ Կիլիկիայի համար լացում, անտեղի էներգիա ծախսում․ ՔՊ-ական
Կիլիկիան իմ պատմական հայրենիքը չի․ Կիլիկիան ուր, ես ուր․ Աղազարյան

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայ ժողովուրդն այն փոքրաթիվ ազգերից է, որ հազարամյակների բոհով անցնելուց հետո ունի պետականություն և հպարտ եմ, որ այսօր հնարավորություն ունեմ որպես պատգամավոր, քաղաքացի, իմ համեստ ավանդը բերել մեր պետականության կայացման, զարգացման գործում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում 2025թ բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Հակադարձելով ընդդիմադիր պատգամավոր Արմեն Ռուստամյանին՝ Աղազարյանը նշեց, որ վերջինս էմոցիոնալ ելույթ ունեցավ։

«Պարոն Ռուստամյան, դուք մեջբերեցիք Եղիշե Չարենցի հայտնի բանաստեղծությունը։ Հաջորդ անգամ, խորհուրդ կտամ, երբ ընթերցեք այդ բանաստեղծությունը, ուշադրություն դարձնեք այն տողի վրա, որտեղ Մասիս սարի մասին է ասվում»,-ասաց նա։

Աղազարյանը Ռուստամյանին հիշեցրեց «Կիլիկիա» երգը՝ նշելով, որ պատանեկան տարիքում լաց է եղել այն լսելիս։

«Պարոն Ռուստամյան, երբ դուք երիտասարդ էիք կամ հիմա, լավ երգ կա՝ զգացմունքային՝ «Երթամ հասնիմ զիմ Կիլիկիա» երգը լսելիս ի՞նչ ասոցիացաներ ունեք։ Երբ պատանեկան, երիտասարդական տարիքում լսում էի՝ լացում էի, երբ մեծացա, ուսումնասիրեցի դրվագները, հասկացա, բայց ինչու՞ եմ Կիլիկիայի համար, անտեղի լացում, էներգիա ծախսում, Կիլիկիան ուր, ես ուր։ Կիլիկիան իմ պատմական հայրենիքը չի, Վանն իմ պատմական հայրենիքն է։ Այն ժամանակ, ձեր նման կրթված, զարգացած, ուժեղ տղերք թողեցին մեր հայրենիքը, գնացին ուրիշ տեղ պետություն ստեղծեցին, բայց, փառք Աստծո, դուք չեք թողնում հայրենիքը և պայքարում եք իշխանության գալու համար։ Դա շատ լավ է, որ մեզ հեռացնեք, եթե ինչ-որ բան լավ չենք անում։ Մենք էլ փորձում ենք այնպես անենք, որ սխալներ թույլ չտանք»,-հավելեց Աղազարյանը։