Ինչու է Ռուբեն Հակոբյանը դուրս բերվել Ազգային ժողովի շենքից. պարզաբանում

17.10.2024, 16:41
ԱԺ նախագահի խոսնակը հայտարարություն է տարածել քիչ առաջ ԱԺ-ից նախկին պատգամավորին դուրս հանելու միջադեպով
Ինչու է Ռուբեն Հակոբյանը դուրս բերվել Ազգային ժողովի շենքից. պարզաբանում

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը պարզաբանում է տարածել այսօր ԱԺ միջանցքում նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի և անվտանգության աշխատակիցների միջև տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։

Նա, մասնավորապես, գրել է.

«Հարգելի գործընկերներ, ի պատասխան ԱԺ-ում քիչ առաջ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ձեր հարցումների, տեղեկացնում եմ, որ խորհրդարանական լսումների մասնակից Ռուբեն Հակոբյանը ԱԺ շենքից դուրս է բերվել ՀՀ ԱԺ նախագահի հանդեպ թույլ տված անձնական վիրավորական արտահայտությունների, ԱԺ-ն որպես ինստիտուտ անարգելու ու երկրի օրենսդրական մարմնում ցուցաբերած լկտի պահվածքի համար։

Նման պահվածքը երբեք չի հանդուրժվել, չի հանդուրժվելու նաև ապագայում ու որևէ դեպքում չի մնալու անարձագանք»։

Հիշեցնենք, որ քիչ առաջ Ազգային ժողովի միջանցքում միջադեպ է տեղի ունեցել ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի և ԱԺ անվտանգության աշխատակիցների միջև։