«Կրակն եմ ընկել ես ձեր ձեռքը», «հոգնում եմ սաստելուց». Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/. Այսօր ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից անմիջապես հետո «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը բղավոցներով արձագանքեց դրան, ինչին ի պատասխան արձագանքեց նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ նկատողություն անելով ընդդիմադիր պատգամավորին։
«Պարոն Մանուկյան, ես հոգնում եմ ձեզ սաստելուց, ինձ այնպիսի վիճակում եք դնում, որ չգիտեմ ինչ անեմ։ Սա ձեր հարցազրույցը չի։ Եթե ձեզ թվում է, որ դուք գալիս եք այստեղ ու մանանա է թափվում երկնքից, չարաչար սխալվում եք։ Ինչ ասես՝ խոսում եք, հնարում, սուտ խոսում և ոչ միայն դուք»,-ասաց Սիմոնյանը։
Մանուկյանն արձագանքեց՝ փոխադարձ մեղադրելով ԱԺ նախագահին։
«Սուտ դուք եք խոսում»,-ասաց նա։
Սիմոնյանը հորդորեց օրենքին ենթարկվել։
«Գոնե օրենքին ենթարկվեք, որ մարդիկ մտածեն՝ կարող եք ինչ-որ պահի երկիր ղեկավարել և ընդհանուր օրենքների ենթարկվեք։ Կրակն եմ ընկել ես ձեր ձեռքը»,-եզրափակեց Սիմոնյանը։

