«Դու»-ով հետս չխոսաս, նորմալ պահի քեզ». կրկին լարված իրավիճակ՝ ԱԺ-ում

24.10.2024, 12:28
Ազգային ժողովում կրկին լարված է
«Դու»-ով հետս չխոսաս, նորմալ պահի քեզ». կրկին լարված իրավիճակ՝ ԱԺ-ում

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Այսօր Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ իրավիճակը կրկին լարվեց։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդդիմադիր պատգամավորին հորդորեց իր հետ «դու»-ով չխոսել։

«Ի՞նչ եք անում հիմա դուք, ինչի եք խոսում, ձեր իրավունքը չի, ձեր իրավունքը խոսք խնդրելն է և երբ թույլ կտամ, այդ ժամանակ խոսելն է։ Նախ «խի չես»-ով չի, «դու»-ով հետս չխոսաս, մնա պատգամավորին սահմանած չափերի մեջ, նորմալ պահի քեզ»,- ասաց Ալեն Սիմոնյանը՝ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արման Ղազարյանին։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը պահանջեց ԱԺ նախագահից հարգալից խոսել պատգամավորների հետ։

«Պարոն Սիմոնյան, պահեք ձեզ որպես Ազգային ժողովի նախագահի կարգավիճակ ունեցող մարդու դերում և խնդրում, պահանջում եմ՝ պատգամավորների հետ խոսեք հարգալից։ Ինչ վերաբերում է քվեարկությանը՝ յուրաքանչյուր պատգամավոր իրավունք ունի քվեարկելու կողմ, դեմ, ձեռնպահ։ Ամեն քվեարկությունից հետո պարոն Թունյանը թող չփորձի հանրությանը մոլորեցնել, մանիպուլացնել»,-նշեց Մանուկյանը։

Ալեն Սիոնյանն արձագանքեց.

«Պարոն Մանուկյան, իսկ ինչի է ձեզ թվում, որ պատգամավորը նստած տեղից կարող է իրեն թույլ տալ «դու»-ով խոսել, իսկ Ազգային ժողովի նախագահը չի կարող բնականոն գործունեությունն ապահովել։ Ուզում եմ հասկանալ՝ ձեր հետևի նստած պատգամավորին չեք նկատում, Ազգային ժողովի նախագահի արձագանքը նկատու՞մ եք»։

«Վերջացրեք երկակի ստանդարտները»,-հորդորեց Ալեն Սիմոնյանը։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանն արձագանքեց.

«Պարոն Սիմոնյան, երբ դիտողություն եք անում, պետք է շտկեք սխալը, ոչ թե դուք էլ շարունակեք «դու»-ով խոսել, «դուք»-ով խոսեք, որ շտկվի սխալը։ Բայց իմ հարցն ուրիշ էր։ Սահմանադրական օրենքների քվեարկության ժամանակ դուք վկայակոչում էիք պատգամավորների, որոնք բացակայում էին, մյուս օրենքների ժամանակ չեք վկայակոչում՝ իրենք չեն մասնակցել քվեարկությա՞նը, թե՞ հարկ չեք համարում բարձրաձայնել»։

Ալեն Սիմոնյանը նշեց՝ քվեարկությունները, երբ լինում են, նա դրա մասին հայտարարում է։

«Ուրախ եմ, որ արձանագրեցիք՝ ձեր գործընկերը սխալ արեց։ Ես կլսեմ ձեր հորդորը և հետագայում կաշխատեմ չկրկնել ձեր գործընկերների կատարած սխալները»,-ասաց նա։

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը իր հերթին գործընկերներին խնդրեց տրամաբանություն չփնտրել ընդդիմության քվեարկությունների մեջ։

«Այսօր մեր մի շարք ընդդիմադիր գործընկերներ դեմ քվեարկեցին «Հայրերի օր» սահմանելուն։ Ինչ դեմ բան ունեք դուք հայրերի դեմ։ Եվ երկրորդը, հարգելի գործընկերներ, խնդրում եմ ագրեսիվ մի տարեք ցանկացած քննադատություն»,- ասաց Ռուբինյանը։