Այլ երկրի քաղաքացու հետ խոսում ես քո դեմքով, էջով և այնպիսի բաների մասին, որ խնդիրների կարող է բերել. Սիմոնյանը՝ Աղազարյանի մասին
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/. Երբ այլ երկրի քաղաքացու հետ խոսում ես քո դեմքով, քո էջով և այնպիսի բաների մասին, որ ոչ միայն բարոյականության, այլև այլ խնդիրների կարող է բերել, այդ մարդը կարող է սքրինշոթերը հրապարակել կամ ասել՝ այսպես ես քվեարկում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով պատգամավոր Հովիկ Աղազարյանի՝ պետական գաղտնիք պարունակող նամակագրությանը։
«Երբ ասում է, որ հասկացել է՝ գործակալների հետ է խոսում, իր դեմքով նստել է...Աստված իմ։ Այդտեղ ադեկվատության խնդիր կա։ Ես ամաչում էի, իսկ ինքը փոխարենն ասի՝ ներեցեք, սխալվել եմ։ Ես ուզում եմ դուք դա կարդաք, դա ավելացել է իմ երազանքների մեջ, հետո ձեզ կանչեմ, ասեմ՝ դե, պատմեք»,-լրագրողներին ասաց Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ Աղազարյանը պիտի վաղուց, երբ վարչապետը խնդրել էր, դներ մանդատը։
«Մենք «Քաղաքացիական պայմանագրի» ստեղծման պահից այդ պրոբլեմն ունեցել ենք և որոշում ունենք, որ այն մարդիկ, ովքեր կեղծանուններով, ծածկանուններով պետական գաղտնիք ներկայացնող նյութեր են արտահոսք տալիս և պատվերներ են անում, լրատվամիջոցներին մեր գործընկերների դեմ նյութ կպատվիրեն կամ սլիվ կանեն վնասելու համար, կզրկվեն թե կուսակցական լինելուց, թե պաշտոնից»,-ասաց նա։