Աշխարհում ոչ մի ուրիշ պրոբլեմ չունի այլ պատասխան, քան տնտեսությունն է. Պապոյանը՝ Ցեղասպանության ճանաչման մասին

31.10.2024, 17:35
Էկոնոմիկայի նախարարը հայտնեց, որ Հայաստանի համար առաջնահերթություն պետք է լինի ուժեղ տնտեսությունը
Աշխարհում ոչ մի ուրիշ պրոբլեմ չունի այլ պատասխան, քան տնտեսությունն է. Պապոյանը՝ Ցեղասպանության ճանաչման մասին

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Այսօր Ազգային ժողովում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ «պատմության ողբերգական անցքերը, Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրելը կամ դա թիվ մեկ  առաջնահերթություն դարձնելն ԱԳՆ օրակարգը չէ»։

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ևս անդրադարձավ այդ թեմային՝ նշելով, որ Հայաստանի արտաքին քաղաքականության թիվ մեկ առաջնահերթությունը պիտի լինի անվտանգային միջավայրի ապահովումը, որտեղ շատ մեծ նշանակություն ունի տնտեսությունը։

«Ցավոք սրտի, երկար ժամանակ տնտեսությունը, ներդրումներն արտաքին քաղաքական բլոկի համար չեն եղել առաջնահերթություն։ Իմ կարծիքով, ամեն դեսպանի առաջ ամենաչափելի և ամենակարևոր խնդիրը, որ պետք է դնենք, այն է, թե ինչքան ներդրում կարող ենք ավելացնել այդ երկրի հետ առևտրատնտեսական հարաբերություններում»,-կարևորեց Պապոյանը։

Նախարարն անկեղծացավ՝ բազմաթիվ դեսպաններ իրեն խնդրում էին՝ հանդիպում, և նրանց բոլորի օրակարգային հարցն իրենց երկրի և Հայաստանի առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումն է։

Լրագրողի հարցին, պետք է միջազգային ճանաչում ու դատապարտում լինի, որ նմանատիպ դեպքեր չկրկնվեն, նախարարը վերահաստատեց՝ միակ ճանապարհն ուժեղ տնտեսություն ունենալն է։

«Որպեսզի նմանատիպ դեպքեր չկրկնվեն, Հայաստանը պետք է ուժեղ լինի, իսկ դրա համար պետք է ուժեղ տնտեսություն։ Ոչ մի ուրիշ պրոբլեմ աշխարհում չունի այլ պատասխան, քան տնտեսությունն է և փողը»,-նշեց Պապոյանը։