ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է, գրում է 1in.am–ը։
Այս դաշինքից դուրս գալու ցանկության մասին հայտարարել են Արամ Գասպարի Սարգսյանը և Պարույր Հայրիկյանը։ Վերջինս նշել էր, որ դաշինքում լուրջ խնդիրներ կան, ցուցակի հետ կապված ոչ մի կերպ համաձայնության չեն գալիս։
Եվ ահա առաջիկա օրերին Օհանյան-Օսկանյան դաշինքից դուրս կգա նաև Վիկտոր Դալլաքյանի նորաստեղծ կուսակցությունը։
Ըստ աղբյուրի, երկուշաբթի օրը ամեն բան կհստակեցվի, և նա կհայտարարի, որ լքում է դաշինքը։
Այսպիսով, Օհանյան-Օսկանյան դաշինքում գրեթե ուժ չի մնում։ Դաշինքում մնացել են Տիգրան Կարապետյանի «Ժողովրդական» կուսակցությունը և մի քանի մանր միավորումներ։
Կարապետյանն իր հերթին նշել է, որ ինքը մնում է Սեյրան Օհանյանի հետ։
«Օհանյան-Օսկանյան դաշինքը, անկախ ամեն ինչից, կկայանա, ու տեղերի շուրջ գզվռտոցը ոչ մի բանի չի խանգարի», – նշել է Կարապետյանը։–0