ՀՅԴ-ն չի բացառում Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությունը. Հրանտ Մարգարյան (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՅ Դաշնակցությունը չի բացառում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությունը, այդ մասին «Ազատության»-ը տված հարցազրույցում հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը։
«Մենք բոլոր ուժերի հետ էլ մտադիր ենք գործակցել։ Բոլորի հետ, բոլոր հայերի հետ մենք պատրաստ ենք համագործակցության, բայց հատուկ Քոչարյանի հետ համագործակցության ոչ որոշում ունենք, ոչ էլ օրակարգ», – ասել է նա։
Հարցին, թե փաստորեն իրենք չեն բացառո՞ւմ Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությունը և մտադի՞ր են համագործակցել, Մարգարյանն ասել է. «Ինչո՞ւ պետք է բացառեմ։ Ես ո՛չ մտադիր եմ, ո՛չ բացառում եմ»։ Սակայն, ըստ նրա, նման առաջառք չի եղել։
Հարցին՝ հաշվի առնելով 2008 թ.-ի մարտի 1-ի դեպքերը՝ ՀՅԴ-ն հնարավոր համարում է Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությունը, Հրանտ Մարգարյանը պատասխանեց. «Ես «Մարտի 1»-ի իրադարձությունների վերաբերյալ սեփական դատողություն չունեմ, ես գիտեմ, որ դեպքը պատահեց այդ ժամանակ բոլորի մեղքով, և այդ 8-10 զոհերը, անկախ, թե ով է կրակել նրանց վրա, մեղքը բոլորի վզին է՝ Լևոն Տեր-Պետրոսյանի վզին էլ է փաթաթված, Ռոբերտի վզին էլ է փաթաթված։ Դա այդպես պետք է նայել, կարևոր չի, թե ով է կրակել, կարևորը, թե այդ երևույթն ով է ստեղծել։ Ո՞վ ստեղծեց այդ երևույթը։ Բոլորը միասին ստեղծեցին։ Մենք այն ժամանակ էլ զգուշացրել ենք՝ թե՛ ընդդիմությանը, թե՛ Ռոբերտ Քոչարյանին, որ էս ճանապարհով մի գնցեք, սա վտանգավոր է, մեզ չեն լսել։ Մենք դեմ ենք եղել դրան և մտահոգ ենք եղել, կեցված ենք ունեցել և կեցվածքն էլ արտահայտել ենք, կեցվածքի համար էլ ճիգ ենք թափել, աշխատել ենք, փորձել ենք որ մեղմենք, չենք հաջողել»։
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի շուրջ ստեղծված իրավիճակին, ում մեղադրանք է առաջադրված երկրի սահմանադրական կարգը տապալելու համար, Մարգարյանը նշել է. «Մեր երկրին վայել չէ, որ նախագահական ինստիտուտը այդպես խայտառակեն»:–0–

