Արա Աբրահամյանը կարող է փոխարինել Ծառուկյանին Հայաստանի նախագահի թիմում. քաղտեխնոլոգ
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը կարող է փոխարինել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ՀՀ նախագահի թիմում, երկուշաբթի լրագրողներին ասաց քաղաքական տեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանը։
Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը հոկտեմբերի 10–ին Մոսկվայում կայացած Ռուսաստանի հայերի միության 5–րդ համագումարի ժամանակ հայտարարել է, որ ցանկանում է ստեղծել քաղաքական կուսակցություն և մասնակցել 2017 թ.–ին Հայաստանում նախատեսված խորհրդարանական ընտրություններին։
Հակոբյանն իրատեսական է համարում նման քաղաքական փոխարինումը։ «Ընդհանուր առմամբ այս երկու նախագծերը նույնական են և կարծում եմ, որ այս պահին մնում է միայն նոր կուսակցության (որը կգլխավորի Արա Աբրահամյանը) ընտրական ցուցակների համաձայնեցման հարցը` հաշվի առնելով երկրի առաջնորդի նախապատվությունները», – ասաց Հակոբյանը։
Փորձագետի կարծիքով` այս թեկնածությունը միանշանակ պարտադրվել է նախագահ Սարգսյանին։
Նա ընդգծեց, որ այս կերպ Ռուսաստանը փորձում է ուժեղացնել իր դիրքերը Հայաստանում երկիր նոր քաղաքական օլիգարխիկ անձեր «ներդնելու» միջոցով։
Քաղաքական տեխնոլոգի կարծիքով` Աբրահամյանը հանդես չի գա ընդդիմադիր դաշտում, այլ կդառնա երկրորդ քաղաքական ուժը, որը թույլ կտա հիմնական իշխանամետ կուսակցությանն ապահովել կայուն խորհրդարանական մեծամասնություն հաջորդ ընտրությունների ժամանակ։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ, խորոշ ձեռներեց Գագիկ Ծառուկյանը հեռացավ մեծ քաղաքականությունից այս տարվա գարնան սկզբին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ աղմկահարույց կոնֆլիկտից հետո։
Այն ժամանակ նախագահը հանձնարարել էր պարզել Ծառուկյանի` խորհրդարանի նիստերից պարբերաբար բացակայելու պատճառները, քանի որ Ծառուկյանը 2013–2014թթ.–-ին Ազգային ժողովի 145 նիստից մասնակցել է միայն չորսին, ինչպես նաև ստուգել Ծառուկյանի` միլիարդավոր դրամի հարկերը չվճարելու մասին խոսակցությունները։ Իսկ Ծառուկյանը նշել էր, որ Սարգսյանի հայտարարությունների պատճառն այն է, որ նա հրաժարվել է Սահմանադրությունը փոխելուց (ինչի արդյունքում նախատեսվում է անցում խորհրդարանական իշխանավարման կարգին) հետո նախագահի պաշտոնը զբաղեցնելու առաջարկից։
Հիմա նախագահի և ԲՀԿ–ի նախկին առաջնորդի հարաբերությունները կարգավորվել են։–0–

