Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման նախադրյալներ դեռևս չկան. ՌԴ ԱԳՆ
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Թուրքիայի հետ Ռուսաստանի հարաբերությունների հնարավոր կարգավորման հարցի լուծման նախադրյալներ դեռևս չկան։ Այս մասին այսօր հայտարարել են ՌԴ ԱԳՆ–ից` մեկնաբանելով Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի` «Ա Հաբեր» թուրքական հեռուստաալիքին տված հարցազրույցը։
«Հարցազրույցում կրկին ներկայացվել են ռուսական ռազմական ինքնաթիռի նկատմամբ Անկարայի ագրեսիվ գործողությունների հարցում թուրքական փաստարկները», – նշվում է ՌԴ ԱԳՆ–ի հայտարարության մեջ։ «Ընդ որում, հերթական անգամ շահարկվում են անկհայտ փաստերը։ Մենք տեղյակ չենք հարաբերությունների կարգավորման համար թուրքական ղեկավարության քայլերի մասին, ինչպես նշվում է հարցազրույցում», հաղորդում է ՏԱՍՍ–ը։
«Ցավոք, ստիպված ենք փաստել, որ Թուրքիայի արտգործնախարարության հերթական արտահայտությունները դուրս չեն գալիս Թուրքիայում ծավալված տեղեկատվական արշավի շրջանակներից, որոնք վերաբերում են երկկողմ հարաբերությունների իրական վիճակի խեղաթյուրմանը։ Այսօր հարաբերությունների հնարավոր կարգավորման նախադրյալներ չեն նկատվում», – ընդգծել են ՌԴ ԱԳՆ–ից։ –0–

