Փաշինյանը վարչապետ է դարձել շանտաժով և սպառնալիքներով. Շարմազանով
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Նիկոլ Փաշինյանը դարձավ ՀՀ վարչապետ պատգամավորների նկատմամբ իրականացված շանտաժով և սպառնալիքներով, չորեքշաքբթի լրագրողներին ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Հայաստանում իշխանափոխության պատճառ դարձավ այն, որ իշխանությունները զբաղեցրեցին կրավորական դիրք, իսկ քաղաքական փոքրամասնությունը` հակառակը, զբաղեցրեց ակտիվ դիրք և շանտաժի միջոցով իրականացրեց իշխանափոխություն։ Միաժամանակ ես հիմա ևս պատրաստ եմ հրաժարվել մանդատից, եթե կուսակցությունը որոշի, որ պետք է կողմ քվեարկեմ Փաշինյանի կառավարությանը», – ասաց Շարմազանովը։
Նա նաև նշեց, որ երկրում ստեղծված իրավիճակը որոշակի մտահոգություն է առաջացնում։
«Երկրում ստեղծված կրկեսային և գլադիոտարական իրավիճակն առաջացնում է լուրջ մտահոգություն, և երեք ամիսը բավարար էր, որպեսզի ևս մեկ անգամ հայտարարեմ, որ Փաշինյանն ինձ չհամոզեց, ես ճիշտ էի, նա` ոչ», – ասաց Շարմազանովը։
Նրա խոսքով, խնդիրն այն է, որ ներկա կառավարությունը քայլեր չի իրականացնում, որոնք կբխեին Հայաստանի և Արցախի անվտանգությունից, իսկ որքան գնում, այնքան ավելի մեծ վնաս է հասցվում երկրի միջազգային հեղինակությանը։
«Որքան էլ նոր իշխանությունները խոսեն ներդրումների ավելացման և տնտեսության կտրուկ աճի, Ռուսաստանի և ԱՄՆ–ի հետ հարաբերությունների լավացման մասին, ես կպատասխանեմ փաստերով. վերջին 25 տարվա ընթացքում առաջին անգամ ՌԴ ԱԳ նախարարը հայտարարեց, որ հայկական իշխանությունների գործողությունները չեն համապատասխանում հայտարարությունների հետ, սա շատ կոպիտ հարված է, որը երբեք չի եղել նախկին նախագահներից ոչ մեկի ժամանակ», – ասաց Շարմազանովը։
Նա նաև նշեց ԵՄ–ի հետ հարաբերություններում անհամաձայնության առկայության մասին, որն արտացոլվում է վարչապետի գնահատականներում և ՀՀ–ում ԵՄ ներկայացուցչի դիրքորոշման մեջ ծրագրերի ֆինանսավորման հարցում։
Բացթողների թվում նա նշեց նաև ՀՀ–ում ԱՄՆ դեսպանի հայտարարությունները, ով նշել էր, որ այսօր չարժե ակնկալել ամերիկյան լուրջ ներդրումներ։
«Տնտեսության կտրուկ աճ չեմ տեսնում, տեսնում եմ ռեպրեսիա խոսքի ազատության, արդարադատության, բազմակարծության և պետական շահերի նկատմամբ», – հայտարարեց Շարմազանովը։–0–

