Փաշինյանը պատմել է` ինչի մասին է պայմանավորվել Ալիևի հետ (ՎԻԴԵՈ)

28.09.2018, 22:43
Նիկոլ Փաշինյանը խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։
Փաշինյանը պատմել է` ինչի մասին է պայմանավորվել Ալիևի հետ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։ 

Դուշանբեում կայացել է ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովը։ Առաջնորդների համատեղ լուսանկարվելու արարողակարգից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մի քանի նախադասություն են փոխանակել միմյանց հետ։ Ավելի ուշ Փաշինյանը Facebook–յան իր էջում գրել է. «Դուշանբեում իմ ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջև տեղի ունեցավ խոսակցություն:Մանրամասները կպատմեմ Երևան վերադառնալուց հետո»։ 

«Շփումը եղել է ոչ ֆորմալ և տեղի է ունեցել առաջին անգամ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ծանոթացրել էր մեզ հունիսին` Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման ժամանակ, սակայն դրանից հետո շփում չէր եղել։ Այս անգամ տեղի ունեցավ առարկայական խոսակցություն, ինչի արդյունքում քննարկվել է մի քանի կետ», – ասաց Փաշինյանը Facebook–յան իր էջում կազմակերպված ուղիղ եթերի ժամանակ։

Նրա խոսքով, նրանք պայմանավորվել են հանձնարարել պաշտպանության նախարարներին նվազեցնել լարվածությունը սահմանին և ոչ միայն, մասնավորապես, խոսքը սահմանային միջադեպերի կանխման մասին է։

«Կարծում եմ, որ սա շատ կարևոր պայմանավորվածություն է, և ես արդեն այդ մասին տեղյակ եմ պահել Արցախի նախագահ Բակո Սահակյանին։ Կա պայմանավորվածություն, որպեսզի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկվեն հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի կանխման միջոցառումներ։ Ես տվել եմ համապատասխան հրաման Զինված ուժերին։ Եվ կարելի է արձանագրել, որ նախորդ գիշերն ամենահանգիստն էր վարչապետի պաշտոնում իմ ընտրվելուց հետո։ Հուսով եմ, որ «մարդկանց որսը» կդադարի», – ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ հաստատվել է բանակցային գործընթացին հետամուտ լինելու փաստը, որի միջոցով պետք է կարգավորվի ղարաբաղյան խնդիրը։

«Մենք պայմանավորվել ենք նաև ստեղծել «արագ կապի» գիծ։ Դեռևս պայմանավորվածություն չկա, մենք միայն պայմանավորվել են  հանձնարարել ստեղծել կողմերի միջև օպերատիվ կապի գիծ, որպեսզի պարզենք, թե ով է խախտել հրադադարի ռեժիմը։ Եթե մենք ցանկանում ենք ամբողջությամբ պահպանել հրադադարի ռեժիմը, ապա պետք է ունենանք կապի նման միջոց», – նշեց Փաշինյանը։

Նրա կարծիքով, քանի դեռ կրակոցներ են հնչում, անտրամաբանական է խոսել կարգավորման սկզբունքների և բովանդակության մասին։ 

«Ուրախ եմ, որ այդ պայմանավորվածությունները ձեռք են բերվել և հուսով եմ, որ դրանք կպահպանվեն։ Դրանք շատ կարևոր են։ Մենք մեր կողմից կանենք հնարավոր ամեն ինչ», – ասաց Փաշինյանը։–0–