Կարեն Կարապետյանը լքել է ՀՀԿ–ի առաջին փոխնախագահի պաշտոնը, բայց դեռ մնում է կուսակցությունում. Շարմազանով

26.06.2018, 15:38
ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը լքել է Հանրապետական կուսակցության առաջին փոխնախագահի պաշտոնը:
Կարեն Կարապետյանը լքել է ՀՀԿ–ի առաջին փոխնախագահի պաշտոնը, բայց դեռ մնում է կուսակցությունում. Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /Նովոստի Արմենիա/. ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը լքել է Հանրապետական կուսակցության առաջին փոխնախագահի պաշտոնը, սակայն դեռ կմնա կուսակցությունում, այդ մասին երեքշաբթի լրագրողների հետ զրույցում ասաց խորհրդարանի փոխնախագահ, ՀՀԿ վարչության անդամ Էդուարդ Շարմազանովը։

Նա նշեց, որ անձամբ չի մասնակցել կուսակցության գործադիր մարմնի նիստին, որտեղ ներկայացվել է Կարապետյանի հրաժարականը, քանի որ գործուղման էր, սակայն ծանոթացել է վերջինիս դիրքորոշման հետ։

«Կարեն Կարապետյանը հասուն քաղաքական գործիչ է։ Նա ինքնուրույն է որոշում, թե ինչ պաշտոն զբաղեցնել։ Նա լքել է այդ պաշտոնը` ելնելով նոր քաղաքական իրրավիճակներից։ Բացի դրանից, Կարապետյանը կարծում է, որ այդքան ակտիվ չէ ներկա քաղաքական գործընթացներում ու անարդար է համարում, որ ներգրավված չլինելով դրանց մեջ, զբաղեցնում է այդքան բարձր պաշտոն կուսակցությունում», – ասաց Շարմազանովը։

Նա նշեց, որ հարգանքով է վերաբերվում Կարապետյանի որոշմանը` նշելով, որ կուսակցությունից դուրս գալու խոսակցություններ դեռ չկան։ Միաժամանակ Շարմազանովը նշեց նաև, որ տեղյակ չէ Կարապետյանի հետագա ծրագրերից, այդ թվում` նրա կողմից նոր կուսակցություն ստեղծելու հավանականության վերաբերյալ։

Ինչ վերաբերում է ՀՀԿ–ի նոր առաջին փոխնախագահի ընտրություններին, ապա, ըստ Շարմազանովի, դրանք կկայանան կուսակցության խորհրդի նիստում։

Կարեն Կարապետյանը կուսակցության անդամակցության դիմում էր ներկայացրել 2016 թ.–ի նոյեմբերի 24–ին` վարչապետի պաշտոնում նշանակվելուց երկու ամիս անց։–0–