Իրանի նախագահը Փաշինյանին հրավիրել է Իրան` առավել ընդգրկուն քննարկելու երկկողմ համագործակցությունն ընդլայնելու ուղիները

26.09.2018, 11:21
Նիկոլ Փաշինյանը և Իրանի նախագահն անդրադարձել են տարբեր, այդ թվում` Էներգետիկայի, ճանապարհաշինության ոլորտներում համագործակցությանը, լոգիստիկ պայմանների բարելավմանը վերաբերող հարցերի:
Իրանի նախագահը Փաշինյանին հրավիրել է Իրան` առավել ընդգրկուն քննարկելու երկկողմ համագործակցությունն ընդլայնելու ուղիները

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։ 

Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգային տարբեր հարցեր: 

Զրուցակիցները կարևորել են տնտեսական համագործակցության զարգացումը և նշել, որ այն զգալիորեն զիջում է երկկողմ քաղաքական հարաբերությունների մակարդակին: Նրանք անհրաժեշտ են համարել գործուն քայլերի ձեռնարկումը` առևտրատնտեսական կապերի խթանման, առկա ներուժի իրացման նպատակով: 

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հայ-իրանական հարաբերություններն ունեն առանձնահատուկ բնույթ և պետք է դրանք շարունակեն զարգանալ բարեկամական ամուր կապերի հիմքի վրա: 

Իր հերթին, Հասան Ռոհանին նշել է, որ երկու երկրների միջև առկա է վստահության բարձր մակարդակ: Իրանի նախագահի խոսքով` հայ համայնքն իր երկրում ունի կարևոր դերակատարություն և մեծ հարգանք է վայելում իրանցիների շրջանում: Խոսելով տնտեսական փոխգործակցության մասին` Հասան Ռոհանին համոզմունք է հայտնել, որ Եվրասիական տնտեսական միության հետ ստորագրված ազատ առևտրի գոտու ձևավորմանը միտված համաձայնագիրը ևս հնարավորություն կտա ավելի խորացնել հայ-իրանական տնտեսական գործակցությունը: 

Նիկոլ Փաշինյանը և Հասան Ռոհանին անդրադարձել են տարբեր, այդ թվում` Էներգետիկայի, ճանապարհաշինության ոլորտներում համագործակցությանը, լոգիստիկ պայմանների բարելավմանը վերաբերող հարցերի: 

Հասան Ռոհանին վարչապետ Փաշինյանին հրավիրել է Իրան և համոզմունք հայտնել, որ, այցը հնարավորություն կընձեռի առավել ընդգրկուն քննարկելու երկկողմ համագործակցությունն ընդլայնելու ուղիները:–0–