Ֆելիքս Ցոլակյանը նշանակվեց ԱԻ նախարար

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահի հրամանագրով, ԱԱԾ պետի նախկին տեղակալ, ՀՀԿ–ից նախկին պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը նշանակվեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում։
Հոկտեմբերի 2–ին ԱԺ–ի արձակումը թույլ չտվող օրինագծի ընդունումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով Բաղրամյան պողոտայում կազմակերպվեց բազմամարդ հանրահավաք, որի ժամանակ ՀՀ վարչապետը հայտարարեց ԲՀԿ–ական և ՀՅԴ–ական նախարարներին պաշտոններից ազատելու մասին։ ԱԻ նախարարի պաշտոնը զբաղեցնում էր ԲՀԿ–ական նախարար Հրաչյա Ռոստոմյանը։
Ապրիլի 13–ից հանրապետությունում անցկացվող մասշտաբային բողոքի ցույցերի ֆոնին ապրիլի 23–ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Նույն օր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը։ ԱԺ–ն մայիսի 8–ին գումարած հատուկ նիստում երկրորդ փորձից ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին ընտրեց վարչապետի պաշտոնում։
Ցոլակյանն այն պատգամավորներից է, ով մայիսի 1–ին քվեարկել էր Փաշինյանի թեկնածության օգտին, սակայն չէր համաձայնեցրել իր որոշումը ՀՀԿ–ի հետ և շուտով լքել էր կուսակցության շարքերը։–0–