ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Բրյուսելում «Եվրոնեսթ» միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակում ընդունված բոլոր չորս զեկույցները բխել են Հայաստանի շահերից, երեքշաբթի ասուլիսի ժամանակ ասաց հայկական պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը։
Նա ավելացրեց, որ նախորդ տարի Երևանում կայացած Խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստի ընթացքում հաստատվեցին չորս զեկույցների անվանումները (տնտեսական, քաղաքական, սոցիալական և էներգետիկ), որոնք պետք է հաստատվեին Բրյուսելում նախատեսված հինգերորդ լիագումար նիստի ժամանակ։
«Ընդհանուր առմամբ, բոլոր չորս զեկույցները բխել են Հայաստանի շահերից և խորհրդարանական քաղաքական ուժերի դիրքորոշումներից։ Կարելի է ասել, որ ընդունված բոլոր փաստաթղթերն ամբողջովին ընդունելի են Հայաստանի համար, արտացոլում են ներքին և արտաքին քաղաքական խնդիրներն ու դրանցով պայմանավորված շահերն ու նպատակները», – ընդգծեց Զաքարյանը։
Նա նշեց, որ «Եվրոնեսթի» տնտեսական հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա աշնանը Երևանում։
Զաքարյանը նաև ավելացրեց, որ այս որոշումն ընդունվել է հայկական պատվիրակության առաջարկների հիման վրա։
«Եվրոնեսթի» միջխորհրդարանական վեհաժողովի սոցիալական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, պատգամավոր Կարինե Աճեմյանն իր հերթին ավելացրեց, որ գոհ է հանձնաժողովի իրականացրած աշխատանքի արդյունքներից։
«Վեհաժողովի ընթացքում եղան մեզ համար անընդունելի երկու հարցեր, որոնք ներկայացվեցին ուկրաինական պատվիրակության կողմից։ Մեր խնդրանքով այդ առաջարկները հանվեցին», – ընդգծեց Աճեմյանը։ –0–