ԵՄ–ի հետ համաձայնագիրը լավագույն օրինակներից է, երբ արտաքին քաղաքականությունը ծառայում է ներքին նպատակներին. ԱԳ նախարար
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ԵՄ–ի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը շատ արդյունավետ գործիք է՝ ամրապնդելու և առաջ տանելու բարեփոխումների և երկրի զարգացման օրակարգը՝ օգտագործելով չափանիշներ, օգտագործելով համագործակցություն, որը ծառայում է ազգային նպատակներին, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Նրա խոսքով, համաձայնագիրը լավագույն օրինակներից է, երբ արտաքին քաղաքականությունը ծառայում է ներքին նպատակներին։
«Այս պարագայում մեր երկրի ինստիտուցիոնալ, նորմատիվ զարգացումն ապահովելուն, մեր երկրի հասարակության կյանքի որակը բարձրացնելուն՝ ուղղված մեր ներքին նպատակներին, որի համար օգտագործվում է միջազգային համագործակցությունը, այս դեպքում, Եվրամիության հետ համագործակցությունը», – ասել է նա «Ազատություն» ռադիոկայանի «Կիրակնօրյա վերլուծական» ծրագրում։
Մնացականյանը նաև նշել է, որ բավական համապարփակ է և ընդգրկում է առօրյա կյանքի բավական լայն շրջանակ։
«Այն հնարավորություն է տալիս ուղղակի օգտագործել այդ փորձը, օգտագործել այս համագործակցության այն լավ օրինակը, որը ծառայելու է մեր ներքին նպատակներին», – նշել է Մնացականյանը։–0–

