ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են դարձել Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման, գործակցության խթանման և հայ ժողովրդի տարբեր հատվածների փոխճանաչման և առնչությունների ընդլայնման համար, նշել է Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովի բացման ժամանակ։
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը, որը կտևի մինչև սեպտեմբերի 20–ը։ Համաժողովը նվիրված է Հայաստանի Առաջին հանրապետության հռչակմանը և մայիսյան հերոսամարտերի 100–ամյակին, ինչպես նաև «Էրեբունի–Երևան 2800» տոնին։ Համաժողովին մասնակցում են Հայաստանի և Արցախի գերատեսչությունների ղեկավարներ, փորձագետներ, ինչպես նաև Սփյուռքի ականավոր գործիչներ, այդ թվում` Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանը։ Զեկույցներով ելույթ կունենան Բելգիայի, ԱՄՆ–ի, Ռուսաստանի, Արգենտինայի, Լիբանանի, Պորտուգալիայի, Կանադայի, Իրանի, Ռումինիայի, ԱՄԷ–ի և Սիրիայի սփյուռքահայ կառույցների ներկայացուցիչներ։
«Այսօր մեզ հայրենիքում համախմբել է մեր ընդհանուր պատասխանատվությունն ու մտահոգությունը մեր ժողովրդի ներկայի և ապագայի նկատմամբ: Աշխարհաքաղաքական զարգացումները և այդ համատեքստում մեր ազգային ինքնության առջև ծառացած մարտահրավերները, սոցիալ-տնտեսական կյանքի դժվարությունները, մեր հայրենիքի հզորացումն ու ապահովությունը ներկա մեր սերնդին վիճակված առաջնահերթ մտահոգություններն են», – նշել է Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարքը։
Նրա խոսքով, Հայրենիք-Սփյուռք գործակցության շրջանակներում զգալի ձեռքբերումներ են արձանագրվել՝ զորացնելով Հայաստանն ու Արցախը և Սփյուռքում ազգային կյանքը:
«Նշանակալի է եղել սփյուռքահայերի մասնակցությունը հայրենական կյանքին՝ սկսած արցախյան ազատամարտին անմիջական ու անձնվեր մասնակցությունից ու նորաստեղծ մեր երկրի կյանքում ներդրված միջոցներից մինչև այլ երկրներում ի նպաստ Հայաստանի ու Արցախի ծավալած քարոզչական աշխատանքները: Միաժամանակ հայրենի պետության կողմից ջանքեր են ներդրվել ամրապնդելու հայրենիքի և սփյուռքի կապերն ու համագործակցությունը, աջակցելու սփյուռքում գործող ազգային կազմակերպություններին և սփյուռքի տարբեր հատվածների համախմբմանն ու առկա հնարավորությունները առավել նպատակային օգտագործմանը, սատարելու պատերազմական իրավիճակում հայտնված մեր ժողովրդի զավակներին, ինչպես՝ Սիրիայում և Իրաքում», – հայտարարել է Հայոց Կաթողիկոսն ու հավելել, որ «սյսուհանդերձ, կատարված աշխատանքները չեն սպառել ծառացած մարտահրավերները»։
«Մեզ շարունակում են մտահոգել Արցախի հիմնախնդիրը, Հայոց ցեղասպանության արդար պահանջատիրության հանդեպ շարունակվող ժխտողականությունը, արտագաղթը, սոցիալ-տնտեսական դժվարությունները հայրենիքում, խաղաղության ապահովումը մեր սահմաններում», – նշել է Գարեգին Բ–ն։
«Մեր պետությունը՝ թեև բազում դժվարությունների առջև, համայն հայության պատվարն է և մեր ժողովրդի գոյատևման երաշխավորը: Այսօր ժամանակն է, որ դառը փորձությունների ծանրությունը կրած մեր երկիրն ու ժողովուրդը կարողանան ամուր քայլերով ընթանալ վերելքի ուղիով, որը պահանջում է ուժերի ու կարողությունների ամբողջական կենտրոնացում ու համախմբում», – ասել է Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարքը։–0–