Քայլում, տեսնում ենք՝ մայթի վրա «ԳԱԶ 66»-ի ռամա է դրված, ձեր պապու ռամեն դրեք ձեր տանը, կախեք պատից․ Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/. Այսօր Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ մարզերում ճանապարհների վիճակին։
«Տասնյակ տարիներով քանդած ճանապարհը կառուցում ենք, մայթը վերականգնում ենք, հետո ասում՝ գնամ, տեսնեմ, մարդիկ օգտվում են այդ ճանապարհից, տեսնում ենք մեկը բերել, մի ավտո ավազ է թափել մայթի վրա, մյուսը բերել է քար է շարել մայթի վրա, ասֆալտի վրա բետոն է անում, ու երբ տեղի պաշտոնյային ասում ես՝ ինչ է, ասում է՝ ի՞նչ է որ, բա ի՞նչ անի, ու՞ր տանի ավազը»,-ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ նման ապապետականությունն ամեն անկյունում է։
«Այն համայնքում, երբ գնացել ենք, պարեկային ոստիկանություն ենք ներդրել, 80 անգամ, համոզված եմ, այդ պարեկն ավազի կողքով անցել է, եթե չի անցել՝ մեծ պրոբլեմ է, իսկ եթե անցել ու ասել է՝ բա ի՞նչ անեն մարդիկ, ավելի մեծ պրոբլեմ է։ Քայլում, տեսնում ենք, մայթի վրա «ԳԱԶ 66»-ի ռամա է դրված, պապու ռաման է, միակ հիշողությունն է մնացել, ամենայն հարգանքով՝ տարեք ձեր ննջարանում դրեք, կախեք պատից։ Պետությունը գումար է ծախսել, որ քաղաքացին մայթով քայլելու հնարավորություն ունենա, մենք մեր պապու «66»-ի ռամեն բերում, դնում ենք այդտեղ, դե ասում ենք՝ մեր պապին ա»,-նշեց Փաշինյանը։
Փաշինյանը նշում է՝ չի կարելի անտարբեր մնալ։
«Տեղի մարդիկ ինչո՞վ են զբաղված՝ մարզպետ, համայնքի ղեկավար, ավագանի։ Վախենու՞մ են, որ պապու թոռան ձայնը կորցնե՞ն ընտրություններում։ Մեզ ձայնը պետք է, որ մայթ քանդե՞նք, թե՞ սարքենք։ Երբ մենք գնում, ավազը մաքրել ենք տալիս, մի մարդու ձայն կորցնում ենք, հարյուրինը՝ շահում, որովհետև մարդն ասում է՝ կարգուկանոն կա։ Համայնքներով պատահական մտնելու եմ, որ մարզում տեսա, որ 66, 157, 06, 31, «պռավիլնի» ֆորմա քար, աղյուս, ավազ, բետոն, սա պրոբլեմ է առաջացնելու»,-ասաց Փաշինյանը։

