ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Մայիսի 14-ին Թուրքիայում կայացած նախագահական ընտրությունների արդյունքներով` քվեատուփերի 99,86%-ի մշակումից հետո Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի միջև տարբերությունը նվազել է մինչև 4,35 տոկոսային կետ։ Նման տվյալներ է հաղորդում երկուշաբթի
ՏԱՍՍ-ը՝ հղում անելով TRT պետական հեռուստաալիքին։
Էրդողանը հավաքում է ձայների 49,34 տոկոսը, նրա հիմնական մրցակիցը՝ 44,99 տոկոս։ ATA դաշինքի երրորդ թեկնածու Սինան Օհանը ստացել է 5,23%: Քվեատուփերի 99,2 տոկոսի մշակման արդյունքներով առաջատար թեկնածուների միջև տարբերությունը 4,5 տոկոսային կետից մի փոքր պակաս է եղել։ Առաջին փուլում հաղթելու համար թեկնածուն պետք է հավաքի 50% գումարած մեկ ձայն, հակառակ դեպքում ընտրությունների երկրորդ փուլը կկայանա մայիսի 28-ին։
Քըլըչդարօղլուն ավելի վաղ հայտարարել էր, որ երկրում կանցկացվի հանրապետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլը։ Այսպիսով, նա կասկածի տակ է դրել Էրդողանի այն հայտարարությունը, թե ինքը նախընտրական մարաթոնի առաջատարն է և կարող է հաղթել առաջին փուլում։
«Ընտրությունները չեն հաղթում պատշգամբներից ելույթներով։ Մենք անպայման կհաղթենք ընտրությունների երկրորդ փուլում»,- լրագրողներին ասել է Քըլըչդարօղլուն՝ նշելով, որ ձայների հաշվարկը դեռ չի ավարտվել։-0-