ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոն հայտարարություն է տարածել, որում դատապարտել է Թուրքիայի ագրեսիան Սիրիայի նկատմամբ և կոչ է արել միջազգային հանրությանը սաստել թուրքական ռեժիմը:
«Հերթական անգամ ոտնահարելով պետությունների և ժողովուրդների միջազգայնորեն ամրագրված իրավունքները, Թուրքիան բացահայտ ռազմական ագրեսիա է ձեռնարկել Սիրիայի հյուսիս - արևելքում: Ենթադրյալ անվտանգության գոտի ստեղծելու թուրքական նպատակադրումը սպառնալիքի տակ է դնում ոչ միայն Սիրիայի հողային ամբողջականությունը, այլև այդ տարածքներում ապրող քուրդ մեծամասնության, ինչպես նաև ազգային և կրոնական տարբեր փոքրամասնությունների, այդ թվում` հայերի անվտանգությունը և միտված է ժողովրդագրական նոր իրավիճակ ստեղծելուն», - նշվում է տարածած հաղորդագրությունում:
Նշվում է, որ երկար ժամանակ հովանավորելով Սիրիայում գործող ծայրահեղականներին, Թուրքիան, ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով, այսօր ստեղծում է ռազմական գործողությունների նոր սրացման, ջարդերի և տեղահանության, ահաբեկչական կազմակերպությունների վերաշխուժացման և մարդասիրական աղետի նոր վտանգ:
«Մտահոգիչ է, որ այս ամենը տեղի է ունենում Սիրիայում հաշտության և խաղաղության մթնոլորտի ձևավորման, ներքին թնջուկների հաղթահարման ուղղությամբ միջազգային ջանքերի գործադրման շրջանում: Առավել մտահոգիչ է միջնորդական գործընթացների մեջ ներգրավված ուժերի և կազմակերպությունների անհամարժեք արձագանքը ցեղասպանի ձեռագիր ունեցող պետության նոր հանցավոր գործողություններին», - նշվում է հաղորդագրութունում:
Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոն դատապարտում է թուրքական ոճրագործ ռեժիմի ձեռնարկած պատերազմական գործողությունները ինքնիշխան պետության դեմ և ցեղասպան միտումները քրդական մեծամասնության և ազգային փոքրամասնությունների դեմ.
Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոն պատրաստակամություն է հայտնում օժանդակելու ռազմական գործողությունների անմիջական գոտում հայտնված մեր հայրենակիցների անվտանգության ապահովման և նրանց ցուցաբերելիք օժանդակությունների հարցերում.
Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոն զորակցություն է հայտնում Սիրիայի եղբայրական ժողովրդին և անհրաժեշտ է համարում տարածաշրջանային գործընթացում ներգրավված տերությունների և միջազգային հանրության գործուն քայլերի ձեռնարկումը թուրքական ռեժիմին սաստելու, տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու ուղղությամբ:
Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է Սիրիայի հյուսիս–արևելքում «Խաղաղության ակունք» ռազմական օպերացիա սկսելու մասին, որն ուղղված է Քրդստանի աշխատավորական կուսակցության և «Իսլամական պետության» դեմ։ Այս պահին թուրքերը գնդակոծում են Թել Աբյադ քաղաքը, որտեղ 16 հայ ընտանիք կա: Բացի այդ, Կամիշլին, որտեղ նույնպես մեծաթիվ հայեր կան, կրակի տակ է։
Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունները չափազանց լարված էին 1980–1990թթ–ին, քանի որ Անկարան մեղադրում էր Դամասկոսին Քրդստանի աշխատավորական կուսակցությանն աջակցելու համար։ 1998թ.–ի հոկտեմբերին երկու երկրների հարաբերություններում ճգնաժամ սկսվեց, և Թուրքիան 45 օր ժամկետ տվեց Սիրիային, որի ընթացքում երկիրը պետք է ամբողջովին հրաժարվեր Քրդստանի աշխատավորական կուսակցությանն աջակցելուց։ Նույն թվականին Սիրիայի իշխանությունները երկրից վտարեցին Քրդստանի աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլա Օջալանին, ինչից հետո պետությունների միջև հարաբերությունները սկսեցին կարգավորվել։ 1998թ.–ի հոկտեմբերի 20–ին ԱԳՆ–ի և ՆԳՆ–ի ղեկավարների ներկայացուցիչների բանակցություններն ավարտվեցին Ադանայում համատեղ արձանագրության և անվտանգության հարցերով համաձայնագրի ստորագրմամբ։-0-