Ստեփանակերտն արդեն մաքրվել է պայթած ու չպայթած ռումբերից ու արկերից (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Քաղաքը պետք է անհապաղ իր նախկին հունի մեջ մտնի, այդ ուղղությամբ կոնկրետ ու գործնական քայլեր արդեն կատարվում են: Առաջնայինը՝ բնակչության համար անվտանգ միջավայր ստեղծելն է: Այս մասին ասվում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն Facebook-յան էջում։
Նշվում է, որ Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն, պարետ Կարեն Սարգսյանն այսօր հերթական շրջայցն է կատարել մայրաքաղաք Ստեփանակերտում, հետևել ծառայության սակրավորական խմբի աշխատանքներին, միաժամանակ ստուգել կատարված աշխատանքը:
Սակրավորական ջոկատներն այժմ աշխատում են մի քանի ուղղություններով: Տեսանելի վայրերում քաղաքն արդեն մաքրվել է պայթած ու չպայթած ռումբերից ու արկերից: Այժմ աշխատանքներն ընթանում են՝ ըստ բնակչության կանչերի:
Նշվում է, որ պատերազմն ավելի մեծ լսարանին ներկայացնող բրիտանական մեդիաներկայացուցիչներին, ծառայության տնօրենն անձամբ է պատմել ադրբեջանական զինուժի կողմից մեր քաղաքացիական օբյեկտների թիրախավորման, խաղաղ բնակչության շրջանում՝ զոհերի ու վիրավորների, ինչպես նաև Արցախի փրկարարի հագեցած օրակարգի մասին:-0-