Շատ կարևոր է ԼՂ հակամարտության գոտում հասնել վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրմանը. ՀՀ ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Շատ կարևոր է ղարաբաղյան հակամարտության գոտում հասնել վերիֆիակացիոն մեխանզմների ներդրմանը, հայտնել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ՌԲԿ-ին տված հարցազրույցում:
«Այո, ԵԱՀԿ համանախագահների նախագահության ներքո քննարկվում է վերիֆիկացիոն մեխանիզմներ ներդրման գործընթացը: Այս համատեքստում Ռուսաստանն իր կողմից, նույնպես շատ օգտակար դեր ունի: Ե՛վ Հայաստանը, և՛ Լեռնային Ղարաբաղը կողմ էին և կողմ են հանդես գալիս վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրմանը, բայց արդեն բազմաթիվ տարիներ բախվում են Ադրբեջանի դժկամությանը՝ որևէ մեխանիզմների ներդրման գնալու քայլին՝ հրադադարի ռեժիմի ամրապնդման շուրջ»,- հայտնել է նա:
Ինչ վերաբերում է կրակի դադարեցման ռեժիմի պահպանմանը, նախարարը նշել է, որ իրադրությունը շատ փխրուն է, քանի որ հոկտեմբերի 10-ի առավոտից լայնամասշտաբ ռազմական գործողությունները վերականգնվել են, հիմնականում, հարավային ուղղությամբ, ու նաև եղել է Լեռնային Ղարաբաղում Հադրութ քաղաք ներթափանցելու դիվերսիոն փորձ:
«Ջեբրայիլի ուղղությամբ նրանք մեծ ուժեր են նետել, փորձել են ինչ-որ հաջողության հասնել: Եվ ողջ ընթացքում չեն դադարել քաղաքների ուղղությամբ հարվածները, մասնավորապես, Ստեփանակերտի: Ռմբակոծությունները շարունակվում էին մինչև առավոտ, կիրակի այդ ամենը ևս շարունակվեց: Այսօր ևս կրակում են (հոկտեմբերի 12-ին. խմբգր) ողջ օրվա ընթացքում»,- հայտնել է Մնացականյանը:
Նա ընդգծել է, որ չնայած կրակի դադարեցման հետ կապված իրավիճակը միանշանակ չէ, բայց ոչ մի դեպքում չի կարելի կորցնել այդ հնարավորությունը:
«Դա կորցնելը շատ վտանգավոր է: Խորհրդակցություններ են ընթացնում և՛ Կարմիր Խաչի, և՛ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ: Անհրաժեշտ է ամրապնդել կրակի դադարեցման ռեժիմը, թույլ չտալ ռազմական գործողությունների վերականգնումը: Այդ իմաստով վերիֆիկացիոն մեխանիզմը ծայրահեղ կարևոր է մնում»,- նշել է ԱԳ նախարարը:
Արցախում իրավիճակի սրման մասին
Սեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ–ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է ամղվել մի քանի ուղղություններով։ Ադրբեջանական կողմը կրել է կենդանի ուժի մեծաքանակ կորուստներ, կորցրել է նաև մեծ քանակի տեխնիկա։
Հայկական կողմը միջազգային հանրությանը, այդ թվում ՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, տեղեկացրել է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի, այդ թվում՝ խաղաղ բնակավայրերի հրթիռակոծման մասին:
Արցախի և Հայաստանի ՊՆ–ների հաղորդմամբ, հայկական կողմից զոհվել է 500-ից ավելի զինծառայող, կան բազմաթիվ վիրավորներ։ Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք։
Հոկտեմբերի 10–ին ավելի քան 11 ժամ տևած բանակցություններից հետո Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդես են եկել հայտարարությամբ, որն ընթերցել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է. 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։ Կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։ Կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը։–0–