Սարգսյանը հնչեցրել է ղարաբաղյան հակամարտությունում հայկական կողմի փոխզիջումների պայմանները

04.04.2016, 16:51
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի հնչեցրել է ղարաբաղյան հակամարտությունում հայկական կողմի փոխզիջումների պայմանները:
Սարգսյանը հնչեցրել է ղարաբաղյան հակամարտությունում հայկական կողմի փոխզիջումների պայմանները
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի հնչեցրել է ղարաբաղյան հակամարտությունում հայկական կողմի փոխզիջումների պայմանները ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ ունեցած հանդիպման ընթացքում։

«Հայկական կողմը, և դրա մասին քաջ տեղյակ են Մինսկի խմբի համանախագահներն ու այստեղ նստած երկրները ներկայացնող դեսպանները, երբեք չի հրաժարվել հակամարտության կարգավորմանն ուղղված տրամաբանական փոխզիջումներից: Բայց դրանց մասին իմաստ ունի խոսել միայն այն ժամանակ, երբ կլուծվի հակամարտության բուն պատճառը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կազատվի կրկին գաղութակցվելու վտանգից»,– ասել է նախագահը։

Հայաստանը ճանաչելու է Արցախի անկախությունը ռազմական գործողությունների ընդլյանման դեպքում. նախագահ>>


Ինչպես հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը, Սարգսյանը նշել է, որ բազմիցս խոսել է այն մասին, որ որևէ հակամարտություն կարգավորելու հարցում, հատկապես` ինքնորոշման իրավունքի համար պայքարող ժողովուրդների ճակատագրին վերաբերող հակամարտությունների դեպքում, անհրաժեշտ է վերացնել հակամարտության պատճառը և հետո միայն անցնել դրանից բխող բոլոր կարգավորումներին:

«Ոչ ոք չի կարող պարտադրել մի ժողովրդի ապրել այնպիսի պետության կազմում, որը չի արտացոլում այդ ժողովրդի իղձերն ու արժեքները»,– ընդգծել է նա։

Նշելով, որ հենց Ադրբեջանն է նախահարձակ եղել` նախագահը հայտարարել է, որ Հայաստանը տարածաշրջանային խաղաղությամբ մտահոգ բոլոր կողմերից ակնկալում է ռազմական գործողություններ սկսելու վերաբերյալ բացատրության հստակ պահանջ Բաքվից:

Ըստ մամուլի հաղորդագրության, պետության ղեկավարը նշել է, որ Հայաստանն անհրաժեշտ է համարում կոչ անել ԵԱՀԿ բոլոր անդամ երկրներին՝ լինել սկզբունքային իրենց դիրքորոշումներում: Եթե առկա է կամք և ցանկություն շտկել իրավիճակը, ապա հարկավոր է գործուն քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ և պարտադրել Ադրբեջանին հարգել 1994թ. զինադադարի ռեժիմը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ: 

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը: 

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-