Ռուս խաղաղապահները հավաստիացրել են, որ Արցախը Հայաստանին կապող ճանապարհը դեկտեմբերի 26-ին կբացվի

24.12.2022, 21:10
Ռուս խաղաղապահները հհասվաստիացրին, որ  ադրբեջանցիների կողմից ճանապարհը բացելուց  հետո  ընդհանրապես ոչ մի անցակետ տեղադրելու մասին խոսք լինել չի կարող
Ռուս խաղաղապահները հավաստիացրել են, որ Արցախը Հայաստանին կապող ճանապարհը դեկտեմբերի 26-ին կբացվի
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Այսօր Արցախի հարյուրավոր քաղաքացիներ նախ հավաք են կազմակերպել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, ապա քայլերթով գնացել են Շուշի՝ ռուսական խաղաղապահ զորակազմի անցակետ, որտեղ ներկայացրել են իրենց պահանջը՝ կատարելու նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ իրենց վերապահված գործառույթները՝ ապահովելով Լաչինի միջանցքով բնականոն երթևեկությունը:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ակցիայի նախաձեռնողներից Տիգրան Պետրոսյանը տեղեկացրել է՝ ռուս խաղաղապահները հավաստիացրել են, որ դեկտեմբերի 26-ին բացվելու է Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը:

«Ընդ որում՝ նրանք հասվաստիացրին, որ ադրբեջանցիների կողմից ճանապարհը բացելուց հետո ընդհանրապես ոչ մի անցակետ տեղադրելու մասին խոսք լինել չի կարող»,- մանրամասնել է զրուցակիցը։

Պետրոսյանի խոսքով՝ նախաձեռնության մասնակիցները հիմք են ընդունել ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցչի խոսքը և հետամուտ կլինեն հետագա զարգացումներին։

Ինչպես հաղորդում են հայկական լրատվամիջոցները, խաղաղապահները նշել են, որ դեկտեմբերի 26-ին Ռուսաստանում կարևոր հանդիպում է լինելու, որից շատ բան է կախված:

Նշենք, որ խոսքը դեկտեմբերի 26-27-ը նախատեսված ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի մասին է, որին մասնակցելու է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:-0-