Պուտինը և Մակրոնը քննարկել են Արցախի քրիստոնեական եկեղեցիների և վանքերի պահպանման հարցը

16.11.2020, 19:52
Հեռախոսազրույց է կայացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջև
Պուտինը և Մակրոնը քննարկել են Արցախի քրիստոնեական եկեղեցիների և վանքերի պահպանման հարցը

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Նոյեմբերի 16-ին հեռախոսազրույց է կայացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջև: Այս մասին ասվում է ՌԴ նախագահի կայքում:

Հաշվի առնելով Ռուսաստանի և Ֆրանսիայի համանախագահությունը ԵԱՀԿ Մինսկի խմբում՝ հանգամանորեն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը: Պուտինը տեղեկացրել է ռուսական կողմի նախաձեռնած ակտիվ միջնորդական ջանքերի մասին, որոնք թույլ են տվել կանգնեցնել արյունահեղությունը և խուսափել նոր զոհերից, ինչպես նաև շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքում ռուս խաղաղապահ զորախմբի տեղակայման մասին: Ընդգծվել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունը իրագործվում է, իրավիճակը տարածաշրջանում, ընդհանուր առմամբ, կայունացել է:

Ղեկավարները պատրաստակամություն են հայտնել համակարգել աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գծով և ընդգծել են անհետաձգելի հումանիտար հարցերի լուծման կարևորությունը, այդ թվում՝ փախստականների՝ մշտական բնակության վայրեր վերադարձի, բնակիչների բնականոն կենսագործունեության համար անհրաժեշտ պայմանների ապահովման և ենթակառուցվածքների վերականգնման ու քրիստոնեական տաճարների ու վանքերի պահպանման:-0-