Փաշինյանը պատմել է, թե ինչու էր Աննա Հակոբյանն այցելել Արցախի ՊԲ-ի հրամկետ (ՎԻԴԵՈ)
23:03
27 Նոյեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ իր կինը՝ Աննա Հակոբյանը Արցախի ՊԲ-ի հրամանատարական կետ այցելել է մեկ անգամ՝ իր հանձնարարությամբ։
Նա հայտնել է, որ Հակոբյանը գնացել է այնտեղ Պաշտպանության բանակին բարոյական աջակցություն, զորակցություն հայտնելու նպատակով՝ այն պայմաններում, երբ այդ բանակն անընդհատ լուր է ստանում, թե մարդիկ թիկունքում լքում են բնակավայրերը։
«Իմ տիկնոջն է թիրախ դարձնում, մոռանալով հարց տալ՝ իսկ հրթիռակոծվող քաղաքում, որի բնակչության 70 տոկոսը լքել է իր բնակության վայրը, ի՞նչ գործ ուներ վարչապետի ընտանիքի անդամը: Այսինքն՝ Բադեն-Բադենի սանատորիա՞ էր հրթիռակոծվող Ստեփանակերտը, որ այնտեղ գտնվելը փորձ է արվում ներկայացնել որպես իշխանության ցոփության մի աննկարագրելի օրինակ: Ռմբապաստարաններում մնացած բնակիչներին հաց ու ջուր անձամբ հասցնելը հանցագործությո՞ւն էր: Չէի իմացել»,- ասել է նա:
Փաշինյանն ընդգծել է, որ ոմանք Ստեփանակերտից ետ են կանչվել խուճապ տարածելու և աղետի բերած ապօրինի միջամտությունների պատճառով, և այս հարցերը, ըստ կարգի, դեռ կպարզաբանվեն:
ՊԲ նախկին հրամանատար, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, ՊՆ վերահսկողական ծառայության նախկին պետ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը նոյեմբերի 19-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց նախկինում անհայտ տեղեկատվություններ Արցախում պատերազմի ընթացքում Զինված ուժերի գործողությունների մասին: Այս տեղեկատվությունը «պայթեցրեց» Հայաստանի տեղեկատվական դաշտը, պաշտոնական կառույցների արձագանքը չուշացավ:
Մասնավորապես նա նշել է, որ Աննա Հակոբյանը հրամկետում նստած է եղել Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի հետ։ Այն բանից հետո, երբ ինքը խնդրել է Հակոբյանին լքել հրամկետը, Երևանից զանգ է ստացել, որտեղ պաշտպանության նախարարը՝ Փաշինյանի անունից արգելել է իրեն հայտնվել Արցախի հրամկետում։-0-
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն, ի՞նչ ֆունկցիա պետք է իրականացնեն, Հայաստանի Հանրապետություն կա, որի ինստիտուտները գործում են, հայտարարել է ՀՀ նախագահը․ ՎԻԴԵՈ