Մեր պատասխանը լինելու է կոշտ ինչպես երբեք․ Դավիթ Տոնոյան

27.09.2020, 13:15
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ուղերձը
Մեր պատասխանը լինելու է կոշտ ինչպես երբեք․ Դավիթ Տոնոյան

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը Facebook-յան իր էջում հրապարակել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ուղերձը։ 

«Սիրելի հայրենակիցներ, այսօր վաղ առավոտյան, կոպտագույնս խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերն ու հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, ադրբեջանական զինված ուժերը հրթիռահրետանային և ավիացիոն միջոցների կիրառմամբ հարձակման են անցել արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով պաշտպանության բանակի մարտական դիրքերն ու Արցախի խաղաղ բնակավայրերը: Այդպիսով, մարտական գործողությունների հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- ասվում է գրառման մեջ:

Նշվում է, որ այս պահին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը վճռական հակահարվածներով կասեցնում է թշնամու առաջխաղացման բոլոր փորձերը՝ թշնամում պատճառելով ծանր կորուստներ:

Տոնոյանի խոսքով՝ հանդիսանալով Արցախի անվտանգության երաշխավորը՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը պատրաստ են ցուցաբերելու ցանկացած աջակցություն՝ ապահովելու Արցախի բնակչության անվտանգությունը:

«Արդեն իսկ ակներև է, որ դասեր չքաղելով նախկինում ունեցած անփառունակ պարտություններից՝ Ադրբեջանի իշխանությունները կրկին գերագնահատել են ունեցած կարողությունները, ինչի համար, վստահ եմ, խստագույնս կպատժվեն»,- ասել է Տոնոյանը։

ՊՆ նախարարը նշել է, որ այս արկածախնդրությունը ծանր հետևանքներ է ունենալու թշնամու համար: Մեր պատասխանը լինելու է կոշտ ինչպես երբեք: Հայկական բանակը տիրապետում է անհրաժեշտ բոլոր միջոցներին՝ հերթական անգամ ջախջախելու մեր Հայրենիքի նկատմամբ ոտնձգություն իրականացնող թշնամուն:

«Հարգելի հայրենակիցներ, զինակից ընկերներ, միասնության շնորհիվ են կերտվել մեր պատմության բոլոր հաղթանակները: Վստահ եմ, որ այս վճռական պահին մենք միասնաբար, պատվով ենք կատարելու մեր մարտական խնդիրը՝ դաս տալով միայն ուժի լեզուն հասկացող թշնամուն»,- ասվում է պաշտպանության նախարարի ուղերձում: 

Արցախում իրավիճակի սրման մասին

Սեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ–ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է մղվել մի քանի ուղղություններով։ Ադրբեջանական կողմը կրել է մարդկային կորուստներ, ոչնչացվել է 3 տանկ, 2 ուղղաթիռ և 3 ԱԹՍ։ Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը տեղեկացրել է, որ կան զոհեր ու վիրավորներ քաղաքացիական բնակչության շրջանում։

Արցախի ԶՈւ–ն հրետակոծում է նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում` Ստեփանակերտը։ –0–