ԼՂՀ ՊԲ-ն պատրաստ է քննարկել կրակի դադարեցման մասին առաջարկը՝ նախնական դիրքերի վերականգնման համատեքստում

03.04.2016, 17:41
ԼՂՀ Պաշտպանության բանակը պատրաստ է ընդառաջել և քննարկել կրակի դադարեցման մասին առաջարկը՝ նախնական դիրքերի վերականգնման համատեքստում:
ԼՂՀ  ՊԲ-ն պատրաստ է քննարկել կրակի դադարեցման մասին առաջարկը՝ նախնական դիրքերի վերականգնման համատեքստում
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ Պաշտպանության բանակը պատրաստ է ընդառաջել և քննարկել կրակի դադարեցման մասին առաջարկը՝ նախնական դիրքերի վերականգնման համատեքստում, հայտնում է Արցախի Հանրապետության մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ հաղորդում էր ստացվել, թե Ադրբեջանն իբր հայտարարել է հրադադարի միակողմանի դադարեցման մասին ղարաբաղաադրբեջանական շփման գծում: Ստեփանակերտն այդ տեղեկությունը հերքեց:

Մամուլի ծառայությունից հայտնեցին, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված` մարտական գործողությունների միակողմանի դադարեցնելու մասին հայտարարությունն ապատեղեկատվություն է:

Մասնավորապես, հաղորդվում էր, որ ապրիլի 1–ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները, ավելին՝ նույն հայտարարության տարածումից հետո ՄՄ-21 ("Գրադ") տիպի հրթիռահրետանային կայանքներից և 152 միլիմետրանոց հրանոթներից արկակոծել հայկական խաղաղ բնակավայրերը, մասնավորապես՝ Մարտակերտ քաղաքը:

Նշված փաստերն, ինչպես նաև հայտարարության մեջ «հակահարձակողական գործողություններ» և «ազատագրված տարածքների ամրապնդում» եզրույթների օգտագործումը ի ցույց են դնում այդ փաստաթղթի կեղծ բնույթը, որի իրական նպատակը բացահայտ նախապայմաններով լի կրակի դադարեցման իմիտացիան է»,- նշվում է հաղորդագրությունում:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ`հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումները մարտեր են տանում առաջնային գծի բոլոր ուղղություններով` հակառակորդին կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի զգալի կորուստներ պատճառելով։ Մասնավորապես, ԼՂՀ պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով, մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվել են հակառակորդի երկու ուղղաթիռ, 14 տանկ, հինգից ավելի այլ զրահատեխնիկա, այդ թվում`1 ԲՄՊ և 2 անօդաչու սարք։ Ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի մարդկային կորուստ: Հայկական կողմն ունի 18 զոհ և 35 վիրավոր։
Ապրիլի 3-ին՝ ժամը 06:00-ից սկսած, առաջնային գծի հարավային ուղղությամբ հակառակորդը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմաբ շարունակել է ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը: «ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ հակառակորդի նահախարձակ գործողությունները ճնշելու համար: -0-