Լինում են դեպքեր, երբ վախկոտ անգլուխների մեղքով երեխա է զոհվում. Սենոր Հասրաթյան

05.07.2017, 14:20
Արցախի  ՊՆ տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանն ափսոսանք է հայտնել ադրբեջանցի երեխայի մահվան կապակցությամբ:
Լինում են դեպքեր, երբ վախկոտ անգլուխների մեղքով երեխա է զոհվում. Սենոր Հասրաթյան
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Արցախի Հանրապետության պաշտպանություն նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանն ափսոսանք է հայտնել ադրբեջանցի երեխայի մահվան կապակցությամբ:

«Թշնամի երեխա չի լինում, առավել ևս... երկու տարեկան, բայց լինում են դեպքեր, երբ վախկոտ անգլուխների մեղքով երեխա է զոհվում: Այդպես եղավ հուլիսի 4-ի երեկոյան, երբ խաղաղ բնակչության թիկունքում թաքնված ադրբեջանական «հզոր» բանակի ասկյարը հայկական ուժերի դեմ կիրառելով ռեակտիվ հրթռահրետանային կայանք, թիրախավորեց ոչ այլ ում, քան հենց երկու տարեկան աղջնակին... Ի տարբերություն նեոլիթյան մտածողությամբ մեր հարևանների, մենք ստիպված ենք ցավով արձանագրել այս փաստը և ափսոսանք հայտնել»,- Facebook-ի իր էջում գրել է Հասրաթյանը, հավելելով, որ դա իր անձնական կարծիքն է:

Հուլիսի 4-ին ժամը 11:30-11:35 սահմաններում արևելյան ուղղությամբ ադրբեջանական կողմը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ (4 արկ), նույն հատվածում ժամը 12:45-12:55-ի սահմաններում՝ հաստոցավոր հակատանկային նռնականետ (3 արկ), հարավային ուղղությամբ՝ ժամը 13:35-ին 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ), 19:10-ին՝ 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ):

Загружается новость ... "Лево"

Երեկոյան ժամը 20:20-20:30-ի սահմաններում Ալխանլու գյուղում տեղակայված ռազմակայանից ադրբեջանական զինուժը ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներից (5 արկ) կրակ է բացել հարավային ուղղությամբ գործող զորամասերից մեկի հրամանատարական կետի ուղղությամբ՝ 20:48-ին կիրառելով նաև 82 միլիմետրանոց ականանետ (3 արկ):

Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը ժամը 20:31-20:40-ի սահմաններում ստիպված են եղել ձեռնարկել պատասխան գործողություններ, ինչի արդյունքում վնաս է հասցվել Ալխանլու գյուղում տեղակայված կրակակետին:

Կատարվածի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարությունը: -0-