ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց զբաղվածության ապահովման ծրագրի ֆինանսավորումը կավելացվի

09.10.2025, 17:19
Ծրագրի շրջանակում նախկին 430-ի փոխարեն 800 շահառու հնարավորություն կունենա օգտվել աշխատանքային փորձի ձեռքբերման և աշխատանքի տեղավորման բաղադրիչից
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց զբաղվածության ապահովման ծրագրի ֆինանսավորումը կավելացվի

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց զբաղվածության ապահովման ծրագրի ֆինանսավորումը կավելացվի։

Կառավարության այսօրվա նիստում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված նախագիծը հավանության է արժանացել։

Նշվում է, որ Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց զբաղվածության ապահովման ծրագրի շրջանակում նախկին 430-ի փոխարեն 800 շահառու հնարավորություն կունենա օգտվել աշխատանքային փորձի ձեռքբերման և աշխատանքի տեղավորման բաղադրիչից։

2025 թ.-ի ընթացքում հոկտեմբերի 9-ի դրությամբ ծրագրից օգտվել է 633 անձ․ ընդհանուր առմամբ պետական բյուջեից հատկացվել է 439 մլն դրամ։

Ըստ այդմ, աշխատանքային փորձի ձեռքբերման և աշխատանքի տեղավորման բաղադրիչի շրջանակում տրամադրվող ֆինանսական միջոցների չափը կավելացվի՝ հաշվի առնելով այդ ուղղության նկատմամբ առկա պահանջարկը․ այս նպատակով կիրականացվի միջոցառման տարեկան գումարների միջհոդվածային վերաբաշխում։

Գերատեսչությունը հիշեցնում է, որ Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց զբաղվածության ապահովման ծրագրի շրջանակում շահառուն հնարավորություն ունի օգտվել հետևյալ բաղադրիչներից՝

-մասնագիտական ուսուցում և աշխատանքի տեղավորում,

- աշխատանքային փորձի ձեռքբերում և աշխատանքի տեղավորում,

- մասնագիտական ուսուցում, աշխատանքային փորձի ձեռքբերում և աշխատանքի տեղավորում։