Խաղաղապահների տեղակայումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման երաշխիքն է. ՀԱԿ

08.04.2016, 14:11
Խաղաղապահ զորքերի տեղակայումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման երաշխիքն է:
Խաղաղապահների տեղակայումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման երաշխիքն է. ՀԱԿ
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Խաղաղապահ զորքերի տեղակայումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման երաշխիքն է, ասաց ուրբաթ լրագրողներին ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

«Եթե ընդունվի կարգավորման` Հայաստանի համար ընդունելի ծրագիր, ապա դրա մասն է կազմում խաղաղապահների մուտքը հակամարտության գոտի: Չէ՞ որ երկու կողմերի զորքերի դուրսբերումից հետո կստեղծվի վտանգավոր վակուում: Բուֆերային գոտի պետք է զբաղեցնեն խաղաղապահ զորքերը»,– ասաց նա։

Զուրաբյանը նաև նշեց, որ ՀԱԿ-ը երբեք դեմ չի եղել խաղաղապահ զորքերի տեղակայմանը ղարաբաղյան հակամարտության գոտում։

«Խաղաղապահների հարցը միշտ օրակարգային է եղել։ Այն հատկապես կարևորվեց 1994 և 1997 թվականներին: Խոսքը գնում էր բազմազգ համակազմի տեղակայման մասին։ Բնականաբար, ՀԱԿ–ը կտրականապես դեմ էր, որ դրա կազմում լինեն Հայաստանի հակառակորդ Ադրբեջանի դաշնակից Թուրքիայի ներկայացուցիչներ», - ասաց պատգամավորը:

Ղարաբաղում խաղաղապահների անհրաժեշտություն չկա. ՀՅԴ>>

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները։


Օպերատիվ տվյալներով`մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվել է 2 ուղղաթիռ, շուրջ 30 տանկ, «Գրադ» տիպի համազարկային կայանք, ծանր հրանետային համակարգ (ТОС), ինժեներական տեխնիկա, 7 անօդաչու սարք։ Ադրբեջանական զինուժը տվել է 300-ից ավելի մարդկային կորուստ:

Հայկական կողմը կորցրել է 14 տանկ, ունի 44 զոհ, մոտ 122–ը վիրավոր է, անհետ կորած է համարվում 21–ը։ Զոհվել են նաև քաղաքացիական անձինք, այդ թվում` մեկ երեխա և յոթ կամավոր։ Մարտական գործողությունները դադարեցվել են ապրիլի 5–ին մոտավորապես ժամը 12։00–ին, երբ ուժի մեջ մտան համապատասխան պայմանավորվածությունները։ -0–