Խաղաղապահ զորքերի տեղակայումն Արցախում կարող է նպատակահարմար լինել կարգավիճակի սահմանումից հետո. քաղաքագետ

04.05.2016, 13:01
Ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ զորքերի տեղակայումը կարող է նպատակահարմար լինել միայն Ղարաբաղի` գոնե ժամանակավոր կարգավիճակի սահմանումից հետո:
Խաղաղապահ զորքերի տեղակայումն Արցախում կարող է նպատակահարմար լինել կարգավիճակի սահմանումից հետո. քաղաքագետ
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ զորքերի տեղակայումը կարող է նպատակահարմար լինել միայն Ղարաբաղի` գոնե ժամանակավոր կարգավիճակի սահմանումից հետո, չորեքշաբթի լրագրողներին ասաց ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:

Deutsche Welle գերմանական պարբերականին ապրիլի 7-ին տված հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ հայկական կողմը երբեք դեմ չի եղել, որ խաղաղապահ զորքերի տեղակայվեն հակամարտության գոտում:

«Այսօր ես դրա նախապայմանները չեմ տեսնում: Միայն հայկական կողմի ցանկանալ–չցանկանալն այստեղ ակնհայտորեն բավարար չէ, քանի որ պետք է հաշվի առնել նաև մյուս դերակատարների դիրքորոշումները», - ասաց Մարկարովը:

Նա նաև նշեց, որ բազում հարցեր են ծագում` կապված խաղաղապահ զորքի համակազմի տեղակայման կոնկրետ վայրի, կազմի և ռոտացման կարգի հետ:

Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։ -0-