«Ղարաբաղը երբևէ չի եղել անկախ Ադրբեջան պետության կազմում». Փաշինյանը՝ Ալիևին (ՎԻԴԵՈ)

15.02.2020, 22:31
«Ղարաբաղը երբևէ չի եղել անկախ Ադրբեջան պետության կազմում». Փաշինյանը՝ Ալիևին. ՎԻԴԵՈ
«Ղարաբաղը երբևէ չի եղել անկախ Ադրբեջան պետության կազմում». Փաշինյանը՝ Ալիևին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի պանելային քննարկման ժամանակ անդրադարձավ Ալիևի պատմական ակնարկին՝ նշելով, որ այդքան հեռու պետք չէր գնալ:

«Նախընտրելի կլիներ, որ Ալիևն այդքան հեռու չգնար պատմության գիրկը, քանի որ երբ հայ թագավոր Տիգրան Մեծը բանակցում էր հռոմեական ռազմական առաջնորդ Պոմպեի հետ, Հարավային Կովկասում և ընդհանրապես ամբողջ աշխարհում չկար որևէ պետություն, որը կանվանվեր Ադրբեջան: Ուստի ես չեմ կարծում, թե ճիշտ մոտեցում է այդքան հեռու գնալ, որովհետև ես կարող եմ գնալ էլ ավելի հեռուն և սկսել, օրինակ, մ. թ. ա. 400-րդ թվականից, բայց այդպես չեմ վարվի, քանի որ չեմ կարծում, թե դա ճիշտ մոտեցում է»,- նշեց վարչապետը:

Ալիևի պնդմանը՝ թե ԼՂ-ն Ադրբեջանի մաս է ու դա պատմական ճշմարտությունն է, և 1805 թ.-ին Ղարաբաղի Իբրահիմ խանը համաձայնագիր է ստորագրել ռուսական կայսրության գեներալի հետ, Փաշինյանը հակարդարձեց, նշելով, որ Կովկասյան բյուրոն որոշում է կայացրել, որ Ղարաբաղը լինի Հայաստանի մաս:

«Եվ այդ օրինական որոշումից հետո Իոսիֆ Ստալինի անձնական նախաձեռնությամբ այդ որոշումը Մոսկվայում փոխվեց: Դա կարծես դավ էր Ստալինի, Լենինի և Աթաթուրքի միջև, և Ղարաբաղը երբևէ չի եղել անկախ Ադրբեջան պետության կազմում: Ղարաբաղը մտցվել է Ադրբեջանի կազմի մեջ միայն Խորհրդային միության ձևավորման գործընթացում: Եվ երբ մենք խոսում ենք տարածքային ամբողջականության մասին, մենք պետք է որոշենք՝ ո՞ր երկրի տարածքային ամբողջականության մասին ենք խոսում: Իմ հարցն այն է, որ Ադրբեջանը, դառնալով անկախ պետություն՝ ինչպե՞ս էր հարգում այդ տարածքային ամբողջականությունը, եթե Ադրբեջանը դուրս եկավ Խորհրդային միությունից նույն կերպ, ինչպես ԼՂ-ն դուրս եկավ: Կարող եք ասել, թե ես հիմա խոսում եմ մի պետության մասին, որը գոյություն չունի՝ ԽՍՀՄ-ի, բայց խորհրդային այն հանրապետությունը, որի կազմի մեջ էր ԼՂ-ն, նույնպես գոյություն չունի»,-նշեց Փաշինյանը:

Նա նշեց, որ գոյություն չունի Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, և դա ճշմարտություն է:

«Եվ ինչպես Ադրբեջանն անկախություն ձեռք բերեց ԽՍՀՄ-ից, նույն կերպ Ղարաբաղը ձեռք բերեց անկախություն և՛ ԽՍՀՄ-ից, և՛ Խորհրդային Ադրբեջանից»,-ասաց նա:

Վարչապետը, պատասխանելով այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» մասին Ադրբեջանի նախագահի պնդմանը, ընդգծեց, որ 90-ականների կեսին Ադրբեջանի նախկին նախագահ Այաս Մութալիբովը հարցազրույց է տվել ռուսական թերթի՝ ասելով, որ Խոջալուի սադրանքը կազմակերպվել էր ադրբեջանական ընդդիմության կողմից՝ նրան իշխանությունից հեռացնելու նպատակով: 

«Դա, իմիջիայլոց, տեղի ունեցավ, քանի որ այդ իրադարձության հետևանքով Այաս Մութալիբովը հեռացվեց Ադրբեջանի նախագահի պաշտոնից»,- հավելեց Փաշինյանը:

 Իլհամ Ալիևն իր խոսքում անդրադարձավ նաև ՄԱԿ-ի Անվանգության խորհրդի կողմից ընդունված 4 բանաձևերին։

«Որն է եղել այդ փաստաթղթերի ընդհանուր իմաստը՝ առանց պայմանների և անհապաղ հաստատել հրադադար, դադարեցնել բռնությունն ու ռազմական գործողությունները: Եթե նայենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 884 բանաձևը, կտեսնենք, որ այնտեղ գրված է, որ Ադրբեջանը խախտել է հրադադարը և դրա հետևանքով կորցրել է տարածքներ: Եվ առաջին հերթին Ադրբեջանն է, որ չի հարգել Անվտանգության խորհրդի փաստաթղթի պայմանները, շատ կարևոր է նշել դա»,- նշեց վարչապետը։

Փաշինյանը՝ նշեց, թե չի կարծում, որ ճիշտ մոտեցում է՝ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները յուրաքանչյուր անգամ կրկնեն նույն բանը՝ ընդգծելով, որ դժբախտաբար, վերջին 25, անգամ 30 տարիներին մենք կրկնում ենք ամեն անգամ նույն բաները, և մտավախություն ունի, որ միջազգային հանրությունը, ինչ-որ առումով, հոգնած կլինի նույն բաները լսելուց:

«Ես կարծում եմ մեզ անհրաժեշտ է նոր գաղափարներ առաջ քաշել: Ես ցանկանում եմ ասել, որ երբ ես դարձա վարչապետ հեղափոխության միջոցով, հասկացա, որ հնարավոր չէ 30 տարի տևած հակամարտությունը լուծել 1 կամ 2 քայլով։ Ես մտածեցի, որ այս խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է ունենալ հեղափոխություններ, և ես սկսեցի միկրոհեղափոխությունների գործընթացը։ Հաջորդ անգամ, երբ հնարավորություն ունենամ կամ խոսքը հասնի ինձ, Ձեզ կներկայացնեմ, միկրոհեղափոխությունների նշանակությունը ԼՂ բանակցային գործընթացում, որը նախաձեռնել եմ ես»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։-0-