ԼՂՀ նախագահ. ի դեմս Ֆրանսիայի՝ մենք ունենք հզոր ու քաղաքակիրթ բարեկամ երկիր

18.09.2015, 18:54
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 18-ին մասնակցել է մայրաքաղաք Ստեփանակերտի Ֆրանսիայի պուրակում քանդակագործ Թորոս Ռասթկելենյանի «Հավերժություն» արձանի բացմանը և «Պոլ Էլյուարի տուն» ֆրանկոֆոնիայի կենտրոնի հիմնարկեքի հանդիսավոր արարողությանը:
ԼՂՀ նախագահ. ի դեմս Ֆրանսիայի՝ մենք ունենք հզոր ու քաղաքակիրթ բարեկամ երկիր

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 18-ին մասնակցել է մայրաքաղաք Ստեփանակերտի Ֆրանսիայի պուրակում քանդակագործ Թորոս Ռասթկելենյանի «Հավերժություն» արձանի բացմանը և «Պոլ Էլյուարի տուն» ֆրանկոֆոնիայի կենտրոնի հիմնարկեքի հանդիսավոր արարողությանը:

Ինչպես նշված է ԼՂՀ նախագահի մամուլի ծառայության հրապարակած հաղորդագրության մեջ, նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախ-Ֆրանսիա բարեկամությունը թևակոխում է մի նոր փուլ՝ ընդգծելով, որ Ֆրանսիայի հետ բարեկամական հարաբերությունների խորացումը մեր արտաքին քաղաքականության օրակարգի կարևորագույն ուղղություններից մեկն է: «Ի դեմս Ֆրանսիայի՝ մենք ունենք հզոր ու քաղաքակիրթ բարեկամ երկիր, որի հետ կապված ենք բազմաթիվ խողովակներով: Ես լավատես եմ մեր երկկողմ հարաբերությունների ապագայի հանդեպ, քանի որ տեսնում եմ անկեղծ ձգտում և հաստատակամություն մեր եղբայրական կապերը զարգացնելու ուղղությամբ»,- նշել է երկրի ղեկավարը:

Միջոցառմանը մասնակցել են Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, Ֆրանսիայի Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ և պաշտոնյաներ, հյուրեր արտերկրից և սփյուռքից, պաշտոնատար այլ անձինք։-0-