Ստեփանակերտի քաղաքապետը շնորհավորել է քաղաքացիներին ԼՂՀ հռչակման 24-րդ տարեդարձի և գիտելիքի օրվա կապակցությամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը երկուշաբթի շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ հռչակման 24-րդ տարեդարձի, ինչպես նաև սեպտեմբերի 1-ի` գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ, հաղորդվում է Ստեփանակերտի քաղաքապետարանի կայքում։
«Հարգելի համաքաղաքացիներ, Ստեփանակերտի քաղաքապետարանի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ` ԼՂՀ հռչակման 24-րդ տարեդարձի, ինչպես նաև սեպտեմբերի 1-ի` գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ», – նշվում է ուղերձում։
Գրիգորյանը հայտարարել է, որ արցախյան ազգային-ազատագրական պայքարի փառավոր էջերը լի են պատմական հաղթանակներով ու ձեռքբերումներով, ինչով հպարտանում են ղարաբաղցիները։
«Մեզնից յուրաքանչյուրը քաջ գիտակցում է այն իրողությունը, որ ազատությունն ու անկախությունը ճակատագրի շնորհած նվեր չէ ու այն ձեռք է բերվել մեծ զոհողությունների գնով: Հազարավոր հայորդիներ ու դստրեր իրենց կյանքը զոհաբերեցին հանուն հայրենիքի, հանուն ազատ ու անկախ Արցախի` այն համոզմամբ, որ վերջ կտրվի Ադրբեջանի բռնատիրությանը և մեզ կվիճակվի ինքնուրույն տնօրինել սեփական ճակատագիրը», – նշել է Գրիգորյանը։
Նա հայտարարել է, որ արդեն 24 տարի է, ինչ ԼՂՀ–ն կերտում է իր անկախությունը, երկրի ապագան: ԼՂՀ իշխանությունների, Հայաստանի, աշխարհի համայն հայության աջակցությամբ արագ վերացվել են դաժան պատերազմի հետքերը։
«Տարեցտարի զարգանում է տնտեսությունը, վերակառուցվում, իրենց տեսքն են բարեփոխում մեր քաղաքներն ու գյուղերը, պետության կողմից պատշաճ հոգ է տարվում բնակչության սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ: Առաջնահերթությունների թվում, երկրի ղեկավարության ուշադրության կենտրոնում է մնում դպրոցաշինություն խնդիրը: Գրեթե ամեն տարի մայրաքաղաքում աշակերտների առաջ իր դռներն է բացում նորակառույց մի կրթօջախ` ժամանակակից ամենահարմարավետ պայմաններով, ուր Արցախի վաղվա ապագան է դաստիարակվում` սերտելով ավագների պատգամներն ու դասերը...», – նշել է Գրիգորյանը։
«Սիրելի ստեփանակերտցիներ, կրկին շնորհավորում եմ հիշարժան տոների առթիվ: Մաղթում եմ հաջողություններ, խաղաղ ու անամպ երկինք, երջանկություն», – նշվում է շնորհավորական ուղերձում։ –0–

