Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի արագ կարգավորում չի սպասվում. Fitch Ratings գործակալություն
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Մոտ ապագայում Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի արագ կարգավորում չի սպասվում, նշվում է Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալության պաշտոնական կայքում։
Վարկանիշային գործակալության հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստանի վարկանիշը ետ է պահում Հայաստանի գեոքաղաքական միջավայրը։ Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է Հայաստանի էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշները («ԷԴՎ») ազգային և արտասահմանյան փոխարժեքներով` «В+» մակարդակում։ Վարկանիշային կանխատեսումը անփոփոխ է մնացել` «Կայուն»։
«Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի շուրջ լարված իրավիճակը` լայնածավալ հակամարտության վերածվելու ռիսկ է պարունակում, սակայն որը քիչ հավանական է։ Իրավիճակի կարգավորում մոտ ապագայում չի սպասվում», – նշում են Fitch գործակալության վերլուծաբանները։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն ընդհանուր առմամբ շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

