Արցախում անցկացվող խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ ԼՂՀ ԿԸՀ մամուլի կենտրոնը սկսել է իր աշխատանքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Արցախում անցկացվող խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ ԼՂՀ ԿԸՀ մամուլի կենտրոնը Մշակույթի և երիտասարդության տանը սկսել է իր աշխատանքը:
Հաղորդագրության համաձայն, մամուլի կենտրոնը զինված է ինտերնետային կապով և միջազգային հեռախոսակապով, անհրաժեշտ համակարգչային և այլ կազմակերպչական տեխնիկայով՝ միջազգային և տեղական դիտորդների, ինչպես նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչների գործունեությունն ապահովելու համար:
Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով պատրաստվել են մեդիատեղեկատուներ՝ ինչպես ԼՂՀ-ի, այնպես էլ առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին պատմող անհրաժեշտ նյութերով:
«ԼՂՀ ԿԸՀ նախագահի, ինչպես նաև դիտորդների ճեպազրույցներն ու մամուլի ասուլիսները կանցկացվեն մամուլի կենտրոնի շենքում: Բացի այդ, ընտրությունների օրը յուրաքանչյուր երեք ժամը մեկ անգամ կներկայացվեն քվեարկության ընթացքին վերաբերող նախնական տվյալները»,- նշված է հաղորդագրության մեջ:
Լեռնային Ղարաբաղի կենտրոնական ընտրական հանձնաժողովն Արցախում մայիսի 3-ին նախատեսված ընտրություններին մասնակցելու համար գրանցել է յոթ կուսակցություն` «Ազատ Հայրենիք» (48 թեկնածու), «Ազգային վերածնունդ» (14 թեկնածու), Արցախի ժողովրդավարական կուսակցություն (34 թեկնածու), Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն (14 թեկնածու), «Խաղաղություն և զարգացում» կուսակցություն (վեց թեկնածու), ՀՅԴ (34 թեկնածու) «Շարժում-88» կուսակցություն (14 թեկնածու):
Արցախի խորհրդարանը բաղկացած է 33 պատգամավորից: 22 տեղերը բաշխվում են համամասնական, 11-ը` մեծամասնական համակարգով: -0-

