ԼՂՀ պաշտպանության բանակը մարդկային կորուստ չի ունեցել

22.04.2015, 22:17
Ականի պայթյունի հետևանքով Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը մարդկային կորուստ չի ունեցել, հաղորդեցին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։:
ԼՂՀ պաշտպանության բանակը մարդկային կորուստ չի ունեցել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ապրիլի . /Նովոստի–Արմենիա/. Ականի պայթյունի հետևանքով Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը մարդկային կորուստ չի ունեցել, հաղորդեցին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։:

«Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից ՊԲ զինվորական մեքենայի պայթեցման մասին այսօր տարածված տեսագրությունը իրականությանը համապատասխանում է: Սակայն իրականությանը չի համապատասխանում պայթյունի արդյունքում հայկական կողմի ունեցած 10 զոհի մասին նրանց կողմից տարածված տեղեկությունը»,–ասված է հաղորդագրությունում։:

Մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ականի պայթյունն իրականացվել է հեռակառավարման եղանակով:

«Կատարվածը մեկ անգամ ևս փաստում է, որ ադրբեջանական կողմը, անտեսելով հիմնախնդրի խաղաղ կարգավորմամբ զբաղվող միջազգային կազմակերպությունների կողմից առաջնագծում լարվածության թուլացմանն ուղղված կոչերը, շարունակում է միտումնավոր կերպով ապակայունացնել իրադրությունը»,–ասված է հաղորդագրությունում:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն ընդհանուր առմամբ շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-