ԵԽԽՎ նախագահն անընդունելի է համարում հակամարտության գոտում լարվածության աճը
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասերին, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:
Կառավարության ղեկավարն արդյունավետ է գնահատել մեր երկրի և ԵԽԽՎ-ի միջև փոխգործակցությունը: Վարչապետը կարևորել է տիկին Բրասերի այցը Հայաստան և նշել, որ այն նոր թափ կհաղորդի երկկողմ համագործակցության ամրապնդմանն ու հետագա զարգացմանը:
Իր հերթին, Անն Բրասերն ընդգծել է հայաստանյան պատվիրակության ակտիվ ներգրավվածությունը ԵԽԽՎ աշխատանքներում և նշել, որ այն նպաստում է խորհրդարանական դիվանագիտության ասպարեզում կապերի ընդլայնմանն ու խորացմանը:
Այնուհետև զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային հիմնախնդիրներին և հնարավոր մարտահրավերներին վերաբերող հարցեր: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ վարչապետ Աբրահամյանը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը, ըստ որի հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:
Կառավարության ղեկավարը նշել է, որ Ադրբեջանը շարունակում է հրադադարի ռեժիմի խախտմանն ուղղված գործողությունները, ինչը չի նպաստում հակամարտության լուծմանը, իսկ դրա հետևանքով իրավիճակը շփման գծում շարունակում է մնալ լարված:
Անն Բրասերը ևս անընդունելի է համարել հակամարտության գոտում լարվածության աճը և նշել, որ ԵԽԽՎ-ի համար գոյություն ունի ԼՂ հիմնախնդրի կարգավորման մեկ ուղի՝ երկխոսություն հակամարտող կողմերի միջև:
Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման, մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող քայլերին: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կառավարությունը շարունակելու է այս ուղղություններով հետևողական գործողությունների իրականացումը:
Զրուցակիցները քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց, որ դուրս է գալիս Ադրբեջանի կազմից: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հաջորդեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն էլ շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

