Արցախի նախագահը Մասիս քաղաքում մասնակցել է խաչքար-հուշարձանի բացման արարողությանը

11.04.2015, 17:57
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 11-ին ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքում մասնակցել է Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված խաչքար-հուշարձանի բացման և օծման հանդիսավոր արարողությանը, որը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հովանու ներքո՝ Մասիսի քաղաքապետարանի եւ Adibekyan Family Foundation for Advancement հիմնադրամի աջակցությամբ:
Արցախի նախագահը Մասիս քաղաքում մասնակցել է խաչքար-հուշարձանի բացման արարողությանը

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 11-ին ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքում մասնակցել է Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված խաչքար-հուշարձանի բացման և օծման հանդիսավոր արարողությանը, որը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հովանու ներքո՝ Մասիսի քաղաքապետարանի եւ Adibekyan Family Foundation for Advancement հիմնադրամի աջակցությամբ:

Ինչպես հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը, նախագահ Սահակյանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հավերժացումը կարեւորել է թե բարոյական, թե քաղաքական տեսանկյուններից՝ նշելով, որ դա մի յուրահատուկ կոչ է ուղղված քաղաքակիրթ մարդկությանը` նման ոճրագործությունների ճանաչման, դատապարտման եւ կանխարգելման համար:

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ --0—