Բաքվին դիմակայելու դեպքում Հայաստանի և ԼՂՀ–ի բանակները կարող են ինքնուրույն պաշտպանել Ղարաբաղը. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվար. /Նովոստի–Արմենիա/. Բաքվին դիմակայելու դեպքում Հայաստանի և ԼՂՀ–ի բանակները կարող են ինքնուրույն պաշտպանել Ղարաբաղը, կարծում է Հասարակական-քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, ԱՊՀ երկրների ինստիտուտի բաժնի ղեկավար Վլադիմիր Եվսեևը։
«Որպես ռազմական փորձագետ` ես չեմ տեսնում, որ Բաքուն այնպիսի առավելություն ունի, որ կարողանա ինքնուրույն իր վերահսկողության տակ վերադարձնել Լեռնային Ղարաբաղի վերահսկողությունը։ Ադրբեջանն առավելություն ունի ռազմական ավիացիայի և տանկերի առումով, սակայն դա շատ դեպքերում զրոյանում է երկու հայկական պետությունների հակաօդային պաշտպանության համակարգի և հակատանկային միջոցների առկայության դիմաց»,– «Նովոստի–Արմենիա» գործակալության հետ զրույցում ասել է Եվսեևը։
Առավել ևս, որ լեռնային շրջաններում դա քիչ դեր կունենա, իսկ դրա դիմաց հայկական դիրքերը շատ լավ են զինված ինժեներական առումով։
«Այլ հարց է Թուրքիան։ Նա այնպիսի ռազմական լուրջ ներուժ ունի, որ լայնածավալ ռազմական հակամարտության դեպքում Հայաստանը դժվար թե կարողանա դիմակայել։ Հենց Թուրքիային զսպելու համար էլ Գյումրիում գործում է ռուսական ռազմակայանը»,– ասաց փորձագետը։
Նրա խոսքով` ռազմակայանը պահպանելու դեպքում Անկարայի համար բարդ կլինի Ղարաբաղի համար մղված ռազմական հակամարտությանը միջամտել հօգուտ Ադրբեջանի, հատկապես` ռուս–թուրքական առկա հարաբերությունների ամրապնդման պայմաններում։
«Նրանք, ովքեր հորդորում են Գյումրիից դուրս բերել ռուսական ռազմակայանը, կա՛մ դիլետանտներ են ռազմական հարցերում, կա՛մ աշխատում են օտար շահերի համար։ Թուրքական գործոնը հաշվի առնելով` հենց Ռուսաստանն է Հայաստանի` որպես անկախ պետության պահպանման երաշխավորը»,– ընդգծել է Եվսեևը։
Առցանց ասուլիսը կազմակերպել էր «Ռեգիոն» հետազոտական կենտրոնը` Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ։
Գյումրիում տեղակայված է ռուսական 102-րդ ռազմակայանը, որը ռազմական հերթապահություն է իրականացնում ԱՊՀ ՀՕՊ-ի միասնական համակարգի շրջանակներում: Բազան ՌԴ Հյուսիսկովկասյան ռազմական օկրուգի Անդրկովկասյան ռուսական զորախմբի ենթակայության տակ է գտնվում:
Թուրքիայի (330 կմ) և Իրանի (45 կմ) հետ Հայաստանի պետական սահմանի պահպանությունն իրականացնում է ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչությունը։ Հայաստանի ղեկավարությունը ռուս սահմանապահների, ինչպես նաև ռուսական ռազմակայանի առկայությունն երկրում հանրապետության ազգային անվտանգության կարևոր բաղադրիչ է համարում։ Ռուս սահմանապահների երկրում գտնվելու հիմքը Երևանում 1992 թ.–ի սեպտեմբերի 30–ին կնքած հանրապետության տարածքում Ռուսաստանի սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին միջպետական պայմանագիրն է։
Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչությունը ներառում է չորս սահմանապահ ջոկատ, որոնք գտնվում են Գյումրիում, Արմավիրում, Արտաշատում և Մեղրիում, ինչպես նաև Երևանի « Զվարթնոց» միջազգային օդանավակայանում գործող առանձին հսկիչ անցակետը։ Հայաստանում ռուս սահմանապահների (շուրջ 4,5 հազար մարդ) կացության հարցն ապահովվում է երկու պետությունների կառավարությունների կողմից` գրեթե հավասար պայմաններով։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

