ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ղարաբաղում դիվերսիա կազմակերպելու համար դատապարտված երկու ադրբեջանցիներին
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ղարաբաղում դիվերսիա կազմակերպելու համար դատապարտված երկու ադրբեջանցիներին` Շահբազ Ղուլիևին և Դիլհամ Ասկերովին։
Այդ տեղեկությունը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հաստատել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցությունների ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Ըստ նրա, Կարմիր Խաչի ներկայացուցիչները հանդիպել են Ղուլիևի և Ասկերովի հետ երկու անգամ` նախորդ շաբաթ և նախօրեին։
«Իր մանդատի շրջանակում ԿԽՄԿ–ն գնահատում է կալանավորների վիճակը, նրանց և հարազատների միջև նամակների փոխանակում է իրականացնում, քանի որ Կարմիր Խաչի կարևոր առաքելությունը հարազատների հետ կապ պահելն է»,– ասաց Ամատունին։
Արցախի պաշտպանական գերատեսչությունը հուլիսի 10–ին հայտարարություն էր տարածել, որ ադրբեջանական կողմը Քարվաճառի ուղղությամբ հետախուզական–դիվերսիոն գործողությունների հերթական փորձ է ձեռնարկել։ Հուլիսի 14–ին հայտարարվել էր, որ Արցախի ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումներն ավարտել են ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման օպերացիան։ Օպերացիայի արդյունքում խմբի երկու անդամներ ձերբակալվել են, մեկը` ոչնչացվել։
Ստեփանակերտի դատարանը Դիլհամ Ասկերովին դատապարտել է ցմահ ազատազրկման, Շահբազ Ղուլիևին` 22 տարվա ազատազրկման։ -0-

