ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Բեռլինում կքննարկեն ղարաբաղյան հարցը
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Պիեր Անդրիեն (Ֆրանսիա) կհանդիպեն Բեռլինում գերմանացի պաշտոնատար անձանց հետ, հինգշաբթի հայտնել է ամերիկացի համանախագահը։
«Այսօր մեկնում եմ Բեռլին։ Համանախագահները կհանդիպեն գերմանացի պաշտոնատար անձանց հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քննարկման համար»,– գրել է Ուորլիքը Twitter–ի իր միկրոբլոգում։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առանձին հանդիպումներ են անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ դեկտեմբերի 4-5–ը Բազելում կայացած ԵԱՀԿ երկրների ԱԳՆ ղեկավարների խորհրդի 21–րդ նիստի շրջանակում։ Ակնկալվում է, որ մինչև տարեվերջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն ղարաբաղյան հակամարտության գոտի։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

