ԿԽՄԿ–ն խոցված ուղղաթիռի օդաչուների որոնում իրականացնելու վերաբերյալ բանակցություններ է վարում ադրբեջանական կողմի հետ

13.11.2014, 17:20
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն խոցված ուղղաթիռի օդաչուների որոնում իրականացնելու վերաբերյալ բանակցություններ է վարում ադրբեջանական կողմի հետ, «Նովոստի–Արմենիային» հայտնեց ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցությունների ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
ԿԽՄԿ–ն խոցված ուղղաթիռի օդաչուների որոնում իրականացնելու վերաբերյալ բանակցություններ է վարում ադրբեջանական կողմի հետ

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Կարմիր խաչի միջազգային կոմիտեն խոցված ուղղաթիռի օդաչուների որոնում իրականացնելու վերաբերյալ բանակցություններ է վարում ադրբեջանական կողմի հետ, «Նովոստի–Արմենիային» հայտնեց ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցությունների ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Չորեքշաբթի ԼՂՀ ՊՆ-ն տեղեկացրել էր, որ ադրբեջանցի զինվորականները շփման գծում խոցել են ղարաբաղյան ՄԻ–24 ուղղաթիռը, որն ուսումնամարզական թռիչք էր իրականացնում:

Լեռնային Ղարաբաղը դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին` խոցված ինքնաթիռի երեք օդաչուների դիակները հայկական կողմին հանձնելու հարցում միջնորդի դերում հանդես գալու խնդրանքով։

«ԿԽՄԿ–ն երկխոսություն է սկսել բոլոր շահագրգիռ կողմերի հետ ուղղաթիռի ոչնչացման մասին տեղեկություն ստանալուց անմիջապես հետո։ Բացի այդ, մենք հայտ ենք ստացել հայկական և Լեռնային Ղարաբաղի իշխանություններից կատարվածի վերաբերյալ, և պատրաստակամություն ենք հայտնել օժանդակել բոլոր շահագրգիռ կողմերին»,– ասաց Ամատունին։

Ըստ նրա, ԿԽՄԿ–ն նաև պատրաստ է անկախ միջնորդ հանդես գալ վիրավորներին  (եթե պարզվի, որ այդպիսիները կան) կամ զոհվածների դիակները վերադարձնելու հարցում։

«Ժնևյան կոնվենցիայի համաձայն, ցանկացած նման դեպքում կողմերը պատրաստ են անհապաղ քայլեր ձեռնարկել վիրավորների կամ զոհվածների հայտնաբերման որոնողական պատշաճ աշխատանքների կազմակերպման ուղղությամբ»,– ասաց ԿԽՄԿ ներկայացուցիչը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-