Արցախի Դրախտիկ գյուղում Արցախյան թթվի փառատոն կկազմակերպվի

23.10.2014, 17:33
ԼՂՀ Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղում հոկտեմբերի 25-ին Արցախյան թթվի փառատոն կկազմակերպվի, հայտնում է ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը:
Արցախի Դրախտիկ գյուղում Արցախյան թթվի փառատոն կկազմակերպվի

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ԼՂՀ Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղում հոկտեմբերի 25-ին Արցախյան թթվի փառատոն կկազմակերպվի, հայտնում է ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, փառատոնի ավելի քան 50 տաղավարներում համտեսի և վաճառքի կներկայացվեն  Դրախտիկի և Հադրութի շրջանի ևս 16 գյուղերի ավանդական թթվի հարուստ տեսականի, ինչպես նաև  արցախյան խոհանոցի այլ ուտեստներ:

Փառատոնին կներկայացվեն նաև արցախյան մշակութային արժեքների, ավանդական արհեստների և կենցաղի  ցուցադրություններ, ազգագրական պարեր: Ազգային նվագարաններով ու ժողովրդական երգ ու նվագով հանդես կգան Հադրութի «Դիզակ» համույթը, երաժիշտներ ու երգիչներ Ստեփանակերտից:

Փառատոնի կազմակերպիչները նշում են, որ միջոցառման նպատակը դարերից եկող ազգային ավանդույթները արժևորելն ու դրանք սերնդեսերունդ փոխանցելն է, ինչպես նաև բնության բարիքներից օգտվելու՝  հադրութցու  բազմաշնորհ տաղանդը ներկայացնելը: Այն նաև մշակութային ժառանգության, մասնավորապես,  ոչ նյութական մշակութային ժառանգության մաս կազմող արցախյան խոհանոցի, ժողովրդական բանահյուսության, բարբառի և ենթաբարբառների պահպանման և հանրահռչակման նպատակ ունի:-0-