Ռուսների քառորդ մասը Ղարաբաղն անկախ պետություն է համարում. հարցում

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսների գրեթե քառորդ մասը` 24 տոկոսը, Լեռնային Ղարաբաղն անկախ պետություն է համարում, վկայում են Հասարակական կարծիքի ուսումնասիրության համահայկական կենտրոնի (ՀԿՈՒՀԿ) հարցման արդյունքները։
Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, հետազոտությունը ցույց է տվել նաև, որ ռուսների 56 տոկոսը կողմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը, և միայն 14 տոկոսն է համարում, որ այդ հարցը չի կարելի լուծել առանց զենքի կիրառման։ Հարցվածների 30 տոկոսը հակամարտության լուծման սեփական դիրքորոշում առայժմ չունի։
Միաժամանակ, ռուսների 45 տոկոսին հայտնի է, որ իրավիճակը սրվել է հակամարտության գոտում, 10 տոկոսն իրավիճակի մասին մանրամասն տեղեկություն ունի, իսկ 35 տոկոսը լսել է հակամարտության մասին, բայց մանրամասներ չգիտի։
Հարցվածների 52 տոկոսն առաջին անգամ լսել է ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման մասին միայն հարցման ժամանակ։
Հուլիսի վերջին – օգոստոսի սկզբին ադրբեջանական կողմը կտրուկ ակտիվացել է շփման գծում։ Դիվերսիոն գործողությունների և ղարաբաղյան դիրքերի վրա հարձակումների հետևանքով, տարբեր տվյալներով, զոհվել են ավելի քան 25 ադրբեջանցի զինծառայողներ և ԼՂՀ պաշտպանության բանակի հինգ զինծառայողներ։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-