Սոչիում կայացած հանդիպումը ևս մեկ անգամ ընդգծեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի առանցքային դերը

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Սոչիում կայացած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը հերթական անգամ ընդգծեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի առանցքային դերը՝ որպես միջնորդ, կարծում է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:
Երեք երկրների նախագահների՝ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը տեղի է ունեցել օգոստոսի 10-ին: Նախագահները ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման հետ կապված հարցեր են քննարկել:
Հուլիսի վերջին – օգոստոսի սկզբին ադրբեջանական կողմը կտրուկ ակտիվացել է շփման գծում։ Դիվերսիոն գործողությունների և ղարաբաղյան դիրքերի վրա հարձակումների հետևանքով, տարբեր տվյալներով, զոհվել են ավելի քան 25 ադրբեջանցի զինծառայողներ և ԼՂՀ պաշտպանության բանակի վեց զինծառայողներ։
«Հանդիպման ժամանակ Ռուսաստանը ստիպեց Ադրբեջանին հայտարարել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին վերադառնալու պատրաստակամության մասին», - երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Շաքարյանցը:
Փորձագետի կարծիքով՝ շատ կարևոր էր նաև սահմանին տեղի ունեցող միջադեպերի հետաքննության մեխանիզմների մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, ինչը վկայում է, որ Ռուսաստանը պատրաստ է իրականացնել այդ գործընթացը ԵԱՀԿ ՄԽ-ի ձևաչափում:
«Նման հետաքննությունը կործանարար կլինի Ադրբեջանի և ԱՄՆ-ի համար, որը ևս դերակատարություն ունեցավ լարվածության վերջին ուժեղացման գործում: Միաժամանակ Միացյալ Նահանգները չի կարող հակառակվել հետաքննությանը», - կարծում է քաղաքագետը:
Նա նաև կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները կրելու են շարունակական բնույթ, և հաջորդ հանդիպումը սպասվում է արդեն աշնանը:-0-